Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրության արձակման համար ծառայության ֆիքսված վճար կսահմանվի

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով կսահմանվի նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրության արձակման համար ծառայության վճար 10.000 ՀՀ դրամի չափով:

Ծառայության սակագնի առաջարկվող չափի որոշման համար հիմք են ընդունվել նոտարի կողմից համանման նոտրական գործողությունների համար արդեն իսկ նախատեսված սակագները, նշված գործերով նոտարի կողմից իրականացվող գործողությունների ծավալը և կատարվելիք հնարավոր ծախսերը, օրինակ կողմերին արձակված կարգադրությունը ուղարկելու հետ կապված փոստային ծախսերը և այլն:

Iravaban.netը հայտնում է, որ որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-586-Ն օրենքով նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների ցանկը լրացվել է նոտարի կողմից վճարման կարգադրություն արձակելով, որպիսի գործողության համար ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-ն որոշմամբ սահմանվել է ծառայության սակագին՝ 5000-10000 ՀՀ դրամ:

««Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-229-Ն օրենքով կատարված փոփոխություններով որպես նոտարական գործողություն նախատեսվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը: Նշվածի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-ն որոշման մեջ՝ փոխելով համապատասխան նոտարական գործողության անվանումը և վերանայելու նոտարական գործողության համար սահմանված ծառայության սակագինը:

««Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-229-Ն օրենքով կատարված փոփոխություններով «Նոտարիատի մասին» օրենքում սահմանվել է, որ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումին կից դիմողը պետք է կցի նոտարական գործողության վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել կառավարության որոշմամբ սահմանելու տվյալ նոտարական գործողության վճարի կոնկրետ չափ, որպեսզի հնարավոր լինի ապահովել դիմումին կից համապատասախան գումարի վճարման պահանջի կատարումը:

Գործող կարգավորման կիրառման դեպքում  դիմողի համար դիմում ներկայացնելիս պարզ չի լինելու, թե ինչքան պետք է վճարել կատարվելիք ծառայության համար, ինչը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ բոլոր դեպքերում վճարվի ծառայության վճարի նվազագույն չափը: Մինչդեռ, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումների քննարկման և համապատասխան կարգադրության արձակման կամ դրա մերժման դեպքում նոտարը մատուցում է ծառայություն, կատարում փոստային ծախսեր, որի պարագայում սահմանված 5000 դրամը չի կարող փոխհատուցել կատարված աշխատանքը:

Հետևաբար, կատարվելիք փոփոխություններով նախատեսվում է սահմանել նոտարական նշված ծառայության համար ծառայության մեկ սակագին, այն է՝ 10.000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել