Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 28-30-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը և Արման Ղազարյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, ինչպես նաև Ռուզաննա Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Նարեկ Տերյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Աշոտ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»: