ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, բացահայտվել է նախօրեին 28-ամյա երիտասարդի սպանության դեպքը:
Այս մասին հայտնում են Քննչական ոստիկանությունից։
2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 17։04-ին, ՆԳՆ փրկարար ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է։
Ահազանգով անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի և փրկարար ծառայության աշխատակիցները, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 28-ամյա բնակչի դին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ինչպես տուժածի, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի իքնքնությունը. քննությամբ պարզվել է, որ 28-ամյա երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցրել է Արմավիրի մարզի 26-ամյա բնակիչը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կեղմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել՝ դեպքի հանգամանքների շուրջ, որի ընթացքում նա խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, որից հետո բնակարանը հրկիզել է և փորձել է Բավրա սահմանային անցակետով հատել ՀՀ պետական սահմանը:
Նախաքննական մարմնի որոշմամբ՝ երիտասարդը ձերբակալվել է: Նրա մասնակցությամբ շարունակվում են կատարվել վարութային և ապացուցողական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: