Իմ ապօրինի ազատազրկումը երկարացվեց ևս 2 ամսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այս հարցով դատական նիստը ոչ միայն օրենքների և արդարադատության, այլև բարոյականության, բանականության և ճշմարտության նկատմամբ զանգվածային բարբարոսություն էր։
Պատահական չէ, որ ամբողջությամբ մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարվող դատաիրավական համակարգի ներկայացուցիչները վախվորած մերժեցին իմ փաստաբանների միջնորդությունը կալանքիս երկարացման դատական նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ` խնայելով ձեզ և թաքցնելով մեղադրող կողմի միջնորդության ողջ սնանկությունը և բացահայտ քաղաքական հիմքով հետապնդումը։
Հայաստանում դեմոկրատիայի զարգացման վերաբերյալ գեոպոլիտիկ էքստազ բեմականացնող միջազգային կառույցները կշարունակեն լուռ մնալ երկրում մոլեգնող բռնաճնշումների վերաբերյալ։ Իրենց մոտեցումը շատ պարզ է. Նիկոլը երկրում կարող է անել ինչ ուզում է, քանի դեռ երկրից դուրս անում է այն, ինչ իրենք են ուզում։
Իմ և քաղաքական հետապնդումների ենթարկվող մյուս գործիչների այսօրվա խնդիրները խամրում են իրենց կարևորությամբ և սրությամբ հումանիտար աղետի ենթարկվող արցախահայության ազատ ապրելու պայքարի համեմատ։ Մեծ հաշվով, երկրի ներսում մոլեգնող վախկանալիան Արցախի և Հայաստանի ապագայի համար մղվող դիմադրությունը կոտրելու լկտի, վախկոտ և բարոյազուրկ ոհմակի սանձարձակ դրսևորումն է։
Այո, իմ բանտախցում ես ավելի ազատ եմ և հանգիստ խղճով, քան Նիկոլը Սևանի իր կառավարական առանձնատանը։
Շնորհակալություն եմ հայտնում տասնյակ հազարարավոր հայրենակիցներիս, պայքարի ընկերներիս, հայրենասեր և ազնիվ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, իմ պաշտպանական թիմին, կուսակցությանս և ընտանիքիս` իրենց աջակցության և համերաշխության համար։
Պայքարը շարունակվում է։ Դեռ կհանդիպենք»։