Փոփոխություն է կատարվել «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանում։
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթրի և սպորտի նախարարությունից։
Կատարված լրամշակումները նպատակ ունեն պարզեցնել խնդրահարույց մի շարք հարցեր։ Մասնավորապես հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների դասագրքերի դեպքում հանվել է հայոց լեզվի մասնագետի ընդգրկման պահանջը՝ փոխարենը ներգրավելով օտար լեզվի համապատասխան մասնագետի։ Տարանջատվել են «դասագիրք» և «դասագրքին հավակնող ուսումնաօժանդակ նյութ» հասկացությունները, որոշակի լրացումներ են կատարվել դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներում: Սահմանվել է, որ «դասագիրք» եզրույթի փոխարեն անհրաժեշտ է կիրառել «ուսումնական նյութեր» բառերը, քանի դեռ նյութը չի երաշխավորվել որպես դասագիրք:
Հստակեցվել է, թե որ կառույցն ու ինչ ժամկետում պետք է իրականացնի դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ ընդգրկված հղումների ու դրանց հասանելիության հետ կապված խնդիրների բացահայտումը և շտկումը: Ըստ այդմ՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը (ԿԶՆԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվելուց առնվազն 1 ամիս առաջ վերանայում է դասագրքերում օգտագործված հղումները և դրանց հասանելիությունը և փոփոխություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում նախարարությանը: Սահմանվել է նաև, որ դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին: Հղումներով նախատեսված բոլոր նյութերը և աղբյուրները պետք է մշտապես հասանելի լինեն դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում և պաշտպանված լինեն կիբերհարձակումներից:
Դասագրքերի ստեղծման ժամկետներում նույնպես փոփոխություն է կատարվել՝ պայմանավորված փորձարկման արդյունքում լրամշակված ծրագրերի և չափորոշչի հիման վրա տպագրված դասագրքի սեղմ ժամկետներում երաշխավորելու, ինչպես նաև գործածության ընթացքում ի հայտ եկած խնդիրները հնարավորինս արագ շտկելու անհրաժեշտությամբ։
Դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվել են առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա դասագրքերի և ուսումնական նյութերի հրատարակման համար։