Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է. Ադամ Շիֆը ԱՄՆ նախագահին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ վերացնելու Լաչինի միջանցքի արգելափակումը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով անձամբ զանգահարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հորդորել նրան վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Կոնգրեսականը խորհուրդ է տվել Ադրբեջանի նախագահին զգուծացնել, որ արգելափակման շարունակման դեպքում կլինեն հետևանքներ, ներառյալ՝ պատժամիջոցների կիրառումը, վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցումը:

«Արմենպրես»-ն Ադամ Շիֆի նամակն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Հարգելի՛ նախագահ Բայդեն

Հունիսի 8-ին Ձեզ հասցեագրված նամակում հայտնել էի իմ խորին մտահոգությունը Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղ) արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ, սակայն դրանից ի վեր ճգնաժամը զգալիորեն վատթարացել է և պահանջում է ձեր անձնական և անհապաղ ուշադրությունը։

2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից իրականացվող ապօրինի շրջափակման պայմաններում ապրող Արցախի ժողովուրդը շարունակում է բախվել դրա կործանարար հետևանքների հետ. 120,000 մարդ զրկված է սննդի, ջրի, դեղորայքի և բժշկական ծառայությունների, գազի և էլեկտրականության հասանելիությունից: Նախկինում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հնարավորություն ուներ ապահովել սննդի և դեղորայքի սահմանափակ մատակարարում և դյուրացնել շտապ բժշկական օգնության դեպքում մարդկանց փոխադրումը, սակայն շաբաթներ առաջ Ադրբեջանը որոշեց փակել նույնիսկ ԿԽՄԿ-ի մուտքը: Ինչպես նշվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ «տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այս ճանապարհով իրենց հասցվող մարդասիրական օգնությանը, սակայն կյանքի ճանապարհի արգելափակված լինելու պատճառով բնակչությունը լիովին մեկուսացված է, և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն արագորեն աճում է»: Կասկած չկա, որ այժմ առկա է «սուր հումանիտար ճգնաժամ», ինչպեսև հայտարարվել էր ՄԱԿ-ի փորձագետների խմբի կողմից:

Արցախի բնակչությունը, այդ թվում՝ հատկապես առավել զգայուն խմբերը՝ հղի կանայք, երեխաները, տարեցներն ու հաշմանդամները, հրատապ օգնության կարիք ունեն։ Կենսական նշանակության դեղամիջոցներն ու մանկական սնունդը գրեթե սպառվել են: Արցախի առողջապահական մարմինները արձանագրել են հիվանդացության և մահացության մակարդակի աճ՝ թերսնուցման, դեղամիջոցների և շտապ բժշկական ծառայությունների/փոխադրամիջոցների բացակայության պատճառով։ Օրինակ, հղիների շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90 տոկոսի, իսկ թերսնուցման հետևանքով ուշագնացության դեպքերի քանակը նկատելիորեն աճել է: Ցավալի իրողություն է, որ, Ալիևի կանխամտածված և ռազմավարական ծրագրին համապատասխան, անմեղ խաղաղ բնակչությունը տառապում է թերսնուցումից և բախվում սովի անմիջական վտանգի հետ: Հենց այս պահին, Ադրբեջանի արգելափակման արդյունքում, խոչընդոտվում է 400 տոննա հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյան մուտքը Արցախ: Այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի և 2020 թվականի Եռակողմ հայտարարության բացահայտ խախտում։ ՄԱԿ-ի փորձագետների օգոստոսի 7-ի հայտարարությունը կոչ էր անում Ադրբեջանին «կատարել իր միջազգային պարտավորությունները, հարգել և պաշտպանել մարդու իրավունքները՝ ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը», և ես միանում եմ նրանց կոչին:

Չնայած ԱՄՆ կառավարությունը, ԵՄ-ն, ՄԱԿ-ի փորձագետները և Ռուսաստանը դատապարտել են արգելափակումը և կոչ են արել բացել միջանցքը կանոնավոր երթևեկության համար, Ադրբեջանը ամիսներ շարունակ անտեսում է նման հայտարարությունները: ԱՄՆ պետքարտուղարությունը և USAID-ն փորձել են դիվանագիտորեն լուծում տալ Ալիևի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցին, բայց հայտարարությունների և նման կոչերի ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է: Միացյալ Նահանգները պետք է հստակ գործողություններ ձեռնարկի և անհապաղ օգտագործի այլ գործիքակազմ, որպեսզի ստիպի Ադրբեջանին գործել միջազգային իրավունքին և կարգին համապատասխան:

Ուստի, ես կոչ եմ անում Ձեզ ձեռնարկել հետևյալ քայլերը.

Օգտվելով Միացյալ Նահանգների նախագահության փաստից՝ Արցախի ճգնաժամի հարցով հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտահերթ նիստ:Այս իրավիճակը համահունչ է մեր երկրի մտադրությանը՝ այս նստաշրջանում ուշադրությունը կենտրոնացնել պարենային անապահովության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության վրա, այն նաև հրատապ հարց է, որը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը օգոստոսի 2-ի հայտարարության մեջ խորին մտահոգություն է հայտնել շարունակվող արգելափակման և վատթարացող իրավիճակի վերաբերյալ և ՄԱԿ հատուկ զեկուցողների հետ հանդես եկել հստակ գործողություններ ձեռնարկելու համատեղ կոչով: Ժամանակն է, որ ՄԱԿ ԱԽ-ն ներգրավվի գործընթացի մեջ: Ես համամիտ եմ Հայաստանի կառավարության օգոստոսի 12-ի դիմումի մեջ հնչած հայտարարության հետ, որտեղ նշվում է, որ «ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, զանգվածային վայրագությունների, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատու գլխավոր մարմին», պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում հրավիրի նիստ այս ճգնաժամի վերաբերյալ:

Հանձնարարել ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ գլխավորել ՄԱԿ-ի ԱԽ բանաձև,որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ կատարել Միջազգային դատարանի վճիռները, որով նախատեսվում է Արցախ ուղարկել ՄԱԿ-ի փորձագետների խումբ՝ մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու և անկախ զեկույց պատրաստելու նպատակով, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կոպիտ խախտումների համար։

Հանձնարարեք USAID-ին և պաշտպանության նախարարությանը գնահատել Միացյալ Նահանգների կողմից ցամաքային կամ օդային փոխադրամիջոցներով Արցախ օգնություն հասցնելու հարցում աջակցության տրամադրման տարբերակները՝ կանխելու սովի իրական վտանգը և խուսափելու անմեղ քաղաքացիական անձանց կանխարգելելի մահերից:

Անձամբ զանգահարել Ալիևին և հորդորել նրան վերացնել արգելափակումը։  Զգուշացնել նրան, որ արգելափակման շարունակման դեպքում կլինեն հետևանքներ, ներառյալ պատժամիջոցների կիրառումը, վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցումը: Կոնգրեսում մեզանից շատերը կարծում են, որ Ադրբեջանը վաղուց պետք է կտրված լիներ ամերիկյան օգնությունից»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել