Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարություն է արել, որում արդարացնում է Ադրբեջանի գործողությունները՝ ներկայացնելով, թե իբր դրանք կատարվում են ինքնիշխանության և իրավունքների շրջանակներում։
Երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական կողմը հետևում է այդ ճանապահին տիրող իրավիճակին։
«Հայաստանից մեր ակնկալիքն է խուսափել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցել «Ակնա-Ստեփանակերտ»-ի և այլ այլընտրանքային ուղիների՝ Ղարաբաղի հայ բնակչության կարիքները բավարարելու համար, ինչպես նաև աջակցել ջանքերին՝ վերաինտեգրել Ադրբեջանի հայ բնակչությանը։ Թուրքիան կարծում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար պետք է աջակցել բարեկամ և եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և մարդասիրական ջանքերին և խուսափել իրավիճակը սրող գործողություններից»,-ասվում է հաղորդագրության մեջ։