21-ամյա երիտասարդը մորը հայհոյած տղամարդուն սպանել էր․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Ավարտվել է  Արմավիր քաղաքում 2023թ փետրվարին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

2023թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23:45-ին, Արմավիրի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել այն մասին, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել է նույն քաղաքի՝ 1958թ. ծնված բնակչին՝ մահացած վիճակում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու մահվան բոլոր հանգամանքները: 

Մասնավորապես պարզվել է, որ նշված օրը, ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, տուժողը, օղի գնելու նպատակով, մտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գործող խանութ, սակայն խանութի աշխատակցուհին, ով նաև խանութի սեփականատերն է, տեսնելով, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է, մերժել է նշված անձին օղի վաճառել։ Դրանից բորբոքվելով՝ տղամարդը սկսել է հայհոյել կնոջը և անպարկեշտ ու անհարգալից վարքագիծ դրսևորել նրա նկատմամբ։ 

Այդ պահին խանութ է մտել վերջինիս 21-ամյա որդին, ով այդ ամենը տեսնելով և լսելով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մորը վիրավորանքներ հասցնող համաքաղաքացու մարմնի տարբեր հատվածներին, քաշքշելով խանութից դուրս է հանել նրան՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ 

Երիտասարդի մայրը, տեսնելով, որ չի կարողանում հանգստացնել որդուն, զանգահարել և խանութ է կանչել ամուսնուն։ Տուն գնալիս, իրենց շենքին կից այգու տարածքում նկատելով տուժողին՝ գետնին ընկած, նրան տեղափոխել են իրենց տուն և զանգահարել են շտապօգնություն, սակայն մինչ շտապօգնության գալը տղամարդը մահացել է:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն. փորձագետի եզրակացության համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել տրավմատիկ-հեմոռագիկ շոկից` կրծքավանդակի և որովայնի համակցված փակ բութ վնասվածքներ ստանալու հետևանքով:

Երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: 

Դեպքից օրեր անց՝ 2023թ. փետրվարի 20-ին, 21-ամյա երիտասարդը կամովին ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել: 

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանք և բացակայելու արգելք: 

Նախաքննությունն ավարտվել, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել