Բիզնես ոլորտում ծագած ցանկացած խնդրի և հարցի դեպքում ազդարարիր․ Bizprotect.am

Բիզնես ոլորտում ծագած ցանկացած խնդիրների և հարցերի, այդ թվում հարկային, մաքսային, ազատ տնտեսական մրցակցության, լիցենզիաների և թույլտվությունների, պետական գնումների ոլորտում ծագած խնդիրների և հարցերի դեպքում բիզնեսի ներկայացուցիչները կարող են ազդարարել Բիզնես ոլորտի խնդիրները հավաքագրող ազդարարման հարթակում՝ Bizprotect.am-ում։

Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ, այդ թվում` փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչը, հանրային ծառայողները, հարկային և մաքսային ծառայողները, ինչպես նաև այլ անձինք, ովքեր բիզնես ոլորտում հանդիպել են խնդիրների Հայաստանի Հանրապետության տարածքում կամ խնդիրը կապված է ՀՀ իրավասու մարմինների գործունեության հետ:

Խորհուրդ է տրվում հայտը ներկայացնել անմիջապես՝ ծագած խնդրի պահին: Եթե դա հնարավոր չէ, ապա հնարավորինս շուտ:

Այնուամենայնիվ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներին:

Հայտերը կարող եք ներկայացնել այստեղ: Հայտ ներկայացնելն անվճար է։

Հայտ ներկայացնելու համար պարտադիր տվյալներն են տեղեկատվություն այն մարմնի մասին, ում հետ հարաբերություններում ծագել է խնդիր, մարմնի գործունեության վայրի` ըստ մարզի և ըստ քաղաքի, խնդրի բովանդակության, դեպքի նկարագրության, խնդրի առաջացման ամսաթվի վերաբերյալ տեղեկատվություն: Վերոնշյալ տեղեկատվության լրացումը բավարար է հայտը ավարտելու և ներկայացնելու համար:

Ապացուցող լուսանկարներ և այլ ապացույցներ ներկայացնելը պարտադիր չէ, սակայն խրախուսվում է, քանի որ այն կնպաստի Ձեր խնդրի լուծմանը:

Կարևոր է ընդգծել, որ առկա խնդրի մասին հնարավոր է ազդարարել նաև անանուն։

Հայտ ներկայացված անձի գաղտնիությունը պահպանվում է: Առկա են գաղտնիության պահպանման երկու մակարդակներ: 2 տարբերակով էլ հայտ ներկայացնելու դեպքում հնարավորություն է տրվում մնալ անանուն:

Գաղտնիության առավել պաշտպանություն ստանալու նպատակով անհրաժեշտ է հայտը ներկայացնել Tor ինտերնետ-բրաուզերի միջոցով, որը ստեղծված է երրորդ անձանցից պաշտպանության նպատակով: Tor-ը քողարկում է Ձեր IP հասցեն և կոդավորում է տվյալները: Tor ինտերնետ-բրաուզերը անվճար է և հասանելի յուրաքանչյուրին:

Ստանդարտ ինտերնետ-բրաուզերով հայտը ներկայացնելու դեպքում գաղտնիությունը ևս պահպանվում է, սակայն տվյալների կոդավորում տեղի չի ունենում, հետևաբար տեղեկատվությունը պաշտպանված չէ, օրինակ, կիբեր հարձակումների դեպքում:

Tor ինտերնետ-բրաուզերը կարող եք ներբեռնել այստեղից։

Ո՞ր տարբերակն է ավելի նախընտրելի. անանուն դիմել, թե՞ հայտնել ինքնությունը

Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելությունները: Անանուն դիմելու առավելությունը կայանում է նրանում, որ ապահովվում է գաղտնիությունը, հետևաբար տվյալ անձի համար հայտի ներկայացումը չի կարող ունենալ բացասական իրավական հետևանքներ:  Սակայն, անունը հայտնելը խրախուսվում է, քանի որ այն կնպաստի Ձեր խնդրի լուծմանը

Ո՞ր դեպքերում կարող է բացահայտվել հայտ ներկայացրած անձի ինքնությունը

Հայտ ներկայացված անձի ինքնությունը կարող է բացահայտվել հետևյալ դեպքերում:

– Եթե անձը կամովին ներկայացրել է անձնական տվյալներ,

– Եթե անձը կամովին ներկայացրել է այնպիսի մանրամասն տվյալներ, որոնք ողջամտության սահմաններում կարող էր տիրապետել միայն ինքը, օրինակ նշել է կոնկրետ ժամը և պաշտոնատար անձի անունը, ում հետ խնդիր է առացացել, այդ դեպքերում տրամաբանական է, որ պաշտոնատար անձը կարող է նույնականացնել հայտը և տվյալ օրը քաղաքացուն ծառայություն մատուցած դեպքը,

– Եթե անձը քննարկել է իր կողմից հայտնած տեղեկատվությունը ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների կամ այլոց հետ, ապա առկա է ռիսկ, որ վերջիններս կարող են տարածել տվյալ տեղեկատվությունը և այն հանգամանքը, որ Դուք հայտ եք ներկայացրել:

Եթե Ձեր հայտնած տեղեկությունը պարունակում է քրեորեն հետապնդելի արարք, ապա հայտը ներկայացվում է իրավապահ մամինների քննությանը: Այն դեպքում, երբ Դուք հայտը ներկայացրել ենք ստանդարտ ինտերնետ բրաուզերի միջոցով, ապա մեր փորձագետները հայտը հանձնելու հետ միաժամանակ չեն բացահայտի Ձեր ինքնությունը: Բացի այդ, ներկայիս օրենսդրությամբ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ, ուստի իրավապահ մարմինն իր նախաձեռնությամբ է որոշում Ձեր հայտնի հիման վրա հարուցե՞լ քրեական գործ, թե՞ ոչ։

Այն դեպքում, երբ Դուք հայտը ներկայացրել եք ստանդարտ ինտերնետ բրաուզերի միջոցով, և Ձեր ինքնությունը բացահայտված է, ապա քրեական գործ հարուցվելու դեպքում Դուք կարող եք տվյալ գործով կանչվել, օրինակ որպես վկա՝ օրենքով նախատեսված կարգով։

Այն դեպքում, երբ հայտում ներկայացրած տեղեկությունը ճշգրիտ չէ և/կամ թերի է, ու իրենից չի ներկայացնում կեղծ տեղեկություններ, ապա Դուք չեք ենթարկվի պատասխանատվության սուտ մատնության համար: Միաժամանակ, մեր փորձագետները կարող են հետադարձ կապ հաստատել Ձեզ հետ և խնդրել տրամադրել ամբողջական տեղեկատվություն:

Հայտ ներկայացրած անձին պարբերաբար կներկայացվի տեղեկատվություն այն մասին, թե որ փուլում է գտնվում Ձեր կողմից ներկայացված հայտը, մասնավորապես` ներկայացվել է իրավասու մարմնին, իրավասու մարմինը տվյալ գործով դրական կամ բացասական պատասխանել է ներկայացրել, իսկ քրեորեն հետապնդելի արարք պարունակելու դեպքում` ներկայացվել է իրավապահ մարմնին, իրավապահ մարմինն իր նախաձեռնությամբ գործ է հարուցել և այլն:

Բացի այդ, միևնույն ոլորտի, միևնույն գործունեության վայրի կամ միևնույն պաշտոնատար անձի վերաբերյալ որոշակի թվով հայտեր ստանալու դեպքում վերջիններիս լուծման նպատակով կիրականացվեն հանրային-մասնավոր հատվածի երկխոսության ֆորմատով փաստերի վրա հիմնված բարեփոխումներին ուղղված քննարկումներ, սեմինարներ, որոնց մասին կարող եք ծանոթանալ կայքի նորություններ բաժնից:

Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունը դրանք ներկայացնելուց հետո 60օրյա ժամկետում ավտոմատ կերպով BizProtect.am կայքից:

Ազդարարումը ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է իրավասու անձին կամ մարմին։

Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։


Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար:

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

 

https://www.tiktok.com/@iravaban.net/video/7261994808116301074?lang=en

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել