Աշխատող քաղաքացիները, իրենց աշխատանքային իրավունքների խախտման դեպքում, կարող են ազդարարել դրա մասին՝ EmployeeProtect.am հարթակի միջոցով։ Այս հարթակը գործարկվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:
Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման, մասնավոր ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք, ովքեր աշխատանքային ոլորտում հանդիպել են խնդիրների Հայաստանի Հանրապետության տարածքում:
Խորհուրդ է տրվում հայտը ներկայացնել անմիջապես՝ ծագած խնդրի պահին: Եթե դա հնարավոր չէ, ապա հնարավորինս շուտ: Այնուամենայնիվ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներին: Հայտերը կարող են ներկայացնել այստեղ:
Ինչ հարցերո՞վ կարող եք ներկայացնել հայտ
Աշխատանքային ոլորտում ծագած առերևույթ իրավախախտումների, խնդիրների և այլ հարցերի դեպքում։ Ընդ որում, հայտը հնարավոր է ներկայացնել ինչպես անմիջապես դիմողին առնչված խնդրի կամ առերևույթ իրավախախտման վերաբերյալ, այնպես էլ երրորդ անձանց կողմից աշխատանքային իրավունքի ոլորտում թույլ տված խնդիրների կամ առերևույթ իրավախախտումների վերաբերյալ։
Ընդ որում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 263-265-րդ հոդվածներով սահմանված աշխատանքային վեճերի լուծման վերաբերյալ պահանջները ենթակա են քննության դատական կարգով։ Ըստ այդմ՝ օրինակ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ենթակա չեն քննության գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ անհատական իրավական ակտի իրավաչափության վիճարկման (անվավեր ճանաչման), դրա հետևանքով աշխատանքի վերականգնման և դրանով պայմանավորված հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողի օգտին գործատուից միջին աշխատավարձի գանձման հարցերը։
Ո՞ր տվյալներն են պարտադիր հայտ ներկայացնելու համար:
Հայտ ներկայացնելու համար պարտադիր տվյալներն են՝ տեղեկատվություն և ամբողջական անվանում այն մարմնի կամ կազմակերպության մասին և դրա իրավական կարգավիճակի մասին, ում հետ հարաբերություններում ծագել է խնդիր, մարմնի կամ կազմակերպության գործունեության վայրի հասցեն, աշխատանքային ո՞ր իրավունքն է խախտվել և խախտման դեպքի համառոտ նկարագրությունը, իրավունքի խախտման առաջացման ամսաթվի վերաբերյալ տեղեկատվություն: Վերոնշյալ տեղեկատվության լրացումը բավարար է հայտը ավարտելու և ներկայացնելու համար:
Ո՞ր տվյալները պարտադիր չեն հայտ ներկայացնելու համար, սակայն կարող եմ ներկայացնել:
Հայտ ներկայացնելու համար ոչ պարտադիր տվյալներն են՝ 3-րդ անձի վերաբերյալ տեղեկություններ, եթե իրավունքի խախտումը վերաբերում է վերջինիս, խնդրի մասին տեղեկանալու եղանակը, աշխատանքային իրավունքի խախտման դեպքի մանրամասն նկարագրությունը, խախտում թույլ տված կազմակերպության ՀՎՀՀ-ն (հարկ վճարողի հաշվառման համար), խախտում թույլ տված անձի անունը, ազգանունը, խախտում թույլ տված անձի պաշտոնը։ Հնարավոր է նաև կցել փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ապացույցներ: Բացի այդ, հնարավոր է նաև լրացնել անձնական տվյալները (ներառյալ՝ անուն, ազգանուն, աշխատանքի վայր, մասնագիտություն, կոնտակտային տվյալներ) և ներկայացնել հայտը, եթե չեք ցանկանում մնալ անանուն։
Արդյո՞ք պարտադիր է ապացույցներ ներկայացնել
Խնդրի կամ առերևույթ իրավախախտումը հավաստող փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ապացույցներ ներկայացնելը պարտադիր չէ, սակայն խրախուսվում է, քանի որ այն կնպաստի Ձեր խնդրի լուծմանը: Սակայն այն դեպքում, երբ վարչարարություն իրականացնելու համար կարիք կլինեն անհրաժեշտ նյութեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ խնդրի լուծման համար, և որոնք տեսչական մարմինը կարող է ձեռք բերել միայն Ձեզանից, ապա լրացուցիչ ապացույցների ներկայացումը պարտադիր է։ Այս դեպքում, եթե հայտի ներկայացման ընթացքում դրանք չեն կցվում, և դուք Ձեր հայտը ներկայացրել եք ոչ անանուն եղանակով, ապա տեսչական մարմինը կարող է կապ հաստատել Ձեզ հետ՝ այդ փաստաթղթերի հայցման նպատակով։ Հետևապես, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հնարավոր է հայտը ներկայացնել անանուն կերպով, ինչի պարագայում տեսչական մարմինը չի կարող Ձեզ հետ կապ հաստատել, ուստի ևս մեկ անգամ ԱԱՏՄ-ն հորդորում է ներկայացնել Ձեր տիրապետության ներքո գտնվող ցանկացած ապացույց։
Արդյո՞ք ապահովվում է հայտ ներկայացված անձի գաղտնիությունը
Այո, հայտ ներկայացված անձի գաղտնիությունը պահպանվում է:
Արդյո՞ք հայտատուի կողմից ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկատվություն ներկայացումը կորակվի որպես սուտ մատնություն
Այն դեպքում, երբ հայտում ներկայացրած տեղեկությունը ճշգրիտ չէ և/կամ թերի է, ու իրենից չի ներկայացնում կեղծ տեղեկություններ, (տե՛ս հարց 19), ապա հայտատուն չի ենթարկվի պատասխանատվության սուտ մատնության համար: Միաժամանակ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները կարող են հետադարձ կապ հաստատել հայտատուի հետ (այն դեպքում, երբ հայտը ներկայացվել է ոչ անանուն եղանակով) և խնդրել տրամադրել հայտի քննարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
Արդյո՞ք կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում հայտատուն կենթարկվի պատասխանատվության սուտ մատնության համար
Եթե հայտատուն գիտակցել է, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ապա վերջինս կարող է իրավապահ մարմինների կողմից ենթարկվել քրեական պատասխանատվության սուտ մատնության համար: Միաժամանակ, սա կիրառելի կլինի այն դեպքում, եթե հայտը ներկայացվի ստանդարտ ինտերնետ բրաուզերի միջոցով, որը հնարավորություն կտա բացահայտելու հայտատուի ինքնությունը: Նշենք նաև, որ համաձայն ազդարարման վերաբերյալ օրենսդրության՝ եթե հայտ ներկայացնողը մեղադրանք է ներկայացնում անկեղծորեն, նա պաշտպանված է անվանարկման գործընթացից, ինչպես նաև պաշտպանված է իր գործատուի կողմից ցուցաբերվող անարդար վերաբերմունքից (այն է՝ եթե խախտում թույլ տված կառույցի աշխատողը սխալ գործելակերպի վերաբերյալ մեղադրանք է ներկայացնում): Սուտ մատնության դեպքերը քննության են առնվում իրավապահ մարմինների կողմից։
Հայտատուի ներկայացրած հայտը ստանում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը ներկայացված հայտը քննության առնելուց հետո խախտումներ արձանագրելու դեպքում՝ ՀՀ օրենսդրության և մարմնի գործառույթների շրջանակներում կձեռնարկի միջոցներ դրանք լուծման նպատակով։
Հայտը ներկայացնելուց հետո, հայտատուն կստանա ծածկագիր, որը պետք է օգտագործի հայտի կարգավիճակը ստուգելու նպատակով: Հարկավոր է գաղտնի պահել այդ ծածկագիրը: Հայտի կարգավիճակը ստուգելու նպատակով պետք է այցելել այստեղ և մուտքագրել ծածկագիրը:
Հայտը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն կարող է ստուգել հայտի կարգավիճակը, որով կպարզվի, արդյո՞ք հայտին ընթացք տրվել է, թե` ոչ: Հետագա տեղեկատվություն ստանալու նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար այն ստուգել, քանի որ կախված գործի բնույթից և բարդության աստիճանից, կարող են լինել տարբեր ժամկետներ:
Այն դեպքում, երբ ներկայացված հայտի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, ապա վարչական վարույթի իրականացման ժամկետը 30 օր է։
Հայտը ներկայացնելուց հետո, հայտատուն կստանա ծածկագիր, որը պետք է օգտագործի հայտի կարգավիճակը ստուգելու նպատակով: Հարկավոր է գաղտնի պահել այդ ծածկագիրը: Հայտի կարգավիճակը ստուգելու նպատակով պետք է այցելել այստեղ և մուտքագրել ծածկագիրը: Սակայն, հարկ է նաև նկատի ունենալ, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները հայտի վերաբերյալ հարցերի առաջացման դեպքում կհաստատեն նաև ակտիվ բնույթ կրող հետադարձ կապ և «ստուգել հայտի կարգավիճակը» բաժնում հայտատուին կուղղվեն հարցեր:
Հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվությունը դրանք ներկայացնելուց առնվազն 13 ամիս հետո հեռացվում է հարթակից (կայքից):
Հավելենք նաև, որ հարթակի մեթոդաբանության հեղինակային իրավունքը պատկանում է Իրավաբանների հայկական ասոցիացիային: Հարթակը գործարկում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Ազդարարումը ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է իրավասու անձին կամ մարմին։
Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։
Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար:
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: