ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ «2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա Ղարաբաղից» հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ 2025-ին ռուս խաղաղապահները պետք է հեռանան Արցախից և որ դա նախատեսված է Մոսվա-Երևան-Բաքու եռակողմ փաստաթղթով:

Զախարովան հիշեցրել է, որ Անկարան ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ:

«Հենց այս փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորակազմը: Հենց այդ փաստաթղթում են հստակ ներկայացված զորակազմի տեղակայման ժամկետները, ինչպես նաև հնարավոր հնգամյա ժամկետով երկարաձգման պարամետրերը: Հիշեցնեմ, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են կաևոր կայունացնող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում: Հիմնական գործառույթը կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումն է՝ հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը», – ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը համապատասխանում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Թուրքիայի շահերին: Նա նաև հիշատակել է Արցախի օկուպացված Ակնայի շրջանում ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի համակարգված աշխատանքը:

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել է, թե 2025 թվականին ռուս խաղաղապահները պետք է հեռանան «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից»․ «2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա այդ տարածքից: Այդ է գրված համաձայնագրում, և ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի դրա պահանջը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել