Սա էական գործոն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունության համար․ Արարատ Միրզոյան

Հուլիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը:

Նա իր ելույթում նշել է․

«Չեմ կարող խոսքս սահմանափակել միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ անվտանգային իրավիճակը ենթադրում է նաև Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող հարցերի հետ կապված որոշ թեմաներ: Քանի որ մենք խոսում ենք խախտված աշխարհակարգից, ես պետք է որոշ դիտարկումներ անեմ այն արտաքին սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առերեսվում է Հայաստանը: Հիմա խոսում ենք համաշխարհային կարգի խախտման և միջազգային իրավունքի և կանոնների խախտման մասին: Մենք խոսում էինք այս ամենի մասին սկսած 2020 թվականից, երբ Ադրբեջանը պատերազմ, ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում: Մենք բարձրաձայնում էինք այս մասին, սակայն այդ պահին աշխարհի միայն մի քանի երկրներ մեզ ականջալուր եղան, իսկ այժմ բոլորն առերեսվում են առավել մեծ խնդրի հետ: Մենք ներկայացնում էինք մեր խնդիրները, որոնք մաս են կազմում առավել մեծ հիմնախնդրի՝ միջազգային նորմերի կոպիտ խախտումների, ինչին այսօր բախվել են բոլորը:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ենթարկվեց ներխուժումների, և այս համատեքստում ես պետք է մեր երախտիքը հայտնեմ ԵՄ կողմից շատ արագ արձագանքելու կապակցությամբ, ինչն, ի դեպ, գուցե մի փոքր անսպասելի էր ԵՄ պարագայում: Այսպես, ԵՄ արագ որոշում կայացրեց ԵՄ մշտադիտարկման առաքելություն ուղարկել Հայաստանի և մեր արևելյան հարևան Ադրբեջանի միջև պետական սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով: ԵՄ դիտորդները ներկայումս այնտեղ են և իրականացնում են իրենց առաքելությունը:

Սա էական գործոն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունության համար, և մենք շնորհակալ ենք դրա համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել