Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հունիսի 21-ին ձերբակալվել է, իսկ ավելի ուշ կալանավորվել է Կարինե Ղուկասյանը, Վարդան Ղուկասյանի (հանրությանը առավել հայտնի «Դոգ» մականվամբ) քույրը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարինե Ղուկասյանը մտերիմ-անձնական կապերի մեջ է գտնվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ծառայության աշխատակցի հետ և սոցիալական ցանցի հավելվածի միջոցով նրանք հաղորդակցվել են, որի ընթացքում Կարինե Ղուկասյանը, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ոստիկանության ծառայողին իրեն տրամադրել ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ։
«Պաշտոնատար անձը, հանցավոր համաձայնության գալով Կ․ Ղուկասյանի հետ՝ օգտվելով իրեն հասանելի ՀՀ կառավարման մարմինների շտեմարաններից, տեղեկությունները տրամադրել է Կ․ Ղուկասյանին։ Ձերբակալելուց հետո վերջինիս ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 46-204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ ոստիկանության ծառայողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (բազմաթիվ դրվագներով)։
Կարինե Ղուկասյանի ձերբակալումից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 22․06․2023թ․-ին դատարանի կողմից բավարարվել է և նա կալանավորվել է։
Ոստիկանության ծառայողի նկատմամբ ավելի վաղ, ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված այլ հանցավոր արարքներ կատարելու համար»,-հայտնում են Քննչական կոմիտեից։