Ինքնաշեն զենքով սպանության փորձ․ կրակել է տղամարդու վրա և կարծելով, որ մահացել է՝ հեռացել

2023թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:35-ին, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979թ ծնված մի քաղաքացի։ 

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

2023թ. հունիսի 4-ին  ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ ԱՊ-ն Ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին իր կողմից պատրաստված ինքնաշեն զենքով, սպանելու նպատակով, կրակել է համագյուղացի ԿՊ-ի ուղղությամբ, դեպքի վայրում թողել ինքնաշեն զենքը և հեռացել։  

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին և 336-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով, նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնք միացվել են։ 

ԱՊ-ն ներկայացվել է քննչական մարմնին և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել։ 

Հրազենային վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող, զննվել է դեպքի վայրը, որտեղից հայտնաբերվել ու վերցվել է ինքնաշեն եղանակով պատրաստված հրազենի նմանվող զենքը, նշանակվել են փորձաքննություններ:

Քննությամբ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ազգականներ համարվող ԱՊ-ն և ԿՊ-ն տևական ժամանակ անձնական հարցերի պատճառով ունեցել են թշնամական հարաբերություններ: ԿՊ-ին սպանելու նպատակով ԱՊ-ն իր տանը պատրաստել է ինքնաշեն՝ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ կրակելուն հարմարեցված, մահակի մեջ քողարկված ատիպիկ հրազեն։ 

2023թ հունիսի 3-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, վերցնելով ինքնաշեն հրազենը՝ ուղևորվել է  նրանց տուն։ Գյուղամիջյան ճանապարհին գտնվող խանութի մոտ տեսելով  ԿՊ-ի ավտոմեքենան և հասկանալով, որ վերջինս խանութում է՝ ներս է մտել, ԿՊին կանչել խանութի կողային հատվածում գտնվող սենյակ, ապա ինքնաշեն այդ հրազենով, ԿՊ-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ անգամ կրակել է վերջինիս ձախ ուսային հատվածին։ Կարծելով, թե ԿՊ-ն մահացել է, նա հրազենը թողել է դեպքի վայրում և հեռացել։ ԿՊ.-ն, հրազենային վիրավորումով, սուր արյունահոսությամբ, տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա ԱՊ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։  

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել