Մենք վճռական ենք կյանքի կոչել Աթաթուրքի կարգախոսը․ Էրդողանի ելույթը

Թուրքիան հաջողությամբ հաղթահարել է իր պատմության ամենակարևոր ընտրական գործընթացներից մեկը։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դիմելով աշխարհի 78 երկրների ներկայացուցիչներին, որոնք Անկարա են ժամանել Թուրքիայի ղեկավարի երդմնակալության կապակցությամբ: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին վստահության և առաջիկա հինգ տարիներին երկրին ու ժողովրդին ծառայելու հնարավորության համար։

«Մենք պատրաստ ենք ծառայել Թուրքիայի 85 միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, ազգային պատկանելությունից և կրոնից։ Եկեք շարունակենք ծառայել Թուրքիային»,- վստահեցրել է Էրդողանը։

Նա կոչ է արել երկրի 85 միլիոնանոց բնակչության յուրաքանչյուր բնակչի միավորվել։

«Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին մեր երկրին միասնություն է պետք։ 81 մարզերից յուրաքանչյուրի ժողովրդին կոչ եմ անում համերաշխության և միասնության։ Այսօր հասարակության հազարամյա կապերը համախմբելու և ամրապնդելու ժամանակն է, մեր երեխաների լուսավոր ապագայի համար աշխատելու ժամանակը։ Մենք պատրաստ ենք կատարել նախընտրական շրջանում ընտրողներին տրված բոլոր խոստումները, ինչպես դա անում ենք վերջին 21 տարիներին»,- ասել է նա։

Նախագահը հորդորել է հակառակորդներին մի կողմ թողնել ընտրական շրջանի հակասությունները և համատեղ իրականացնել «Թուրքիայի հարյուրամյակի» հայեցակարգը։

«Մենք վճռական ենք կյանքի կոչել Աթաթուրքի կարգախոսը՝ «Խաղաղություն տանը, խաղաղություն աշխարհում», մենք կընդլայնենք հումանիտար դիվանագիտության շրջանակը»,- ​​ասել է Թուրքիայի նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել