Թուրքիայում համապետական ընտրությունների վերաբերյալ վերլուծություն է ներկայացրել «Լույս» հիմնադրամը։
Վերլուծությունը ստորև՝
2023թ․ մայիսին Թուրքիայում սպասվող ընտրությունները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար, իսկ Հայաստանի համար այն առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հաշվի առնելով մի շարք գործոններ․
· Նախ, Թուրքիան և Հարավային Կովկասում վերջինիս կցորդ Ադրբեջանը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ անվտանգային մարտահրավերները:
· Թուրքիայում հնարավոր ներքաղաքական վերադասավորումները շատ կարևոր են հայ-թուրքական ակտիվ շփումների և Անկարայի հետ հարաբերությունները «կարգավորելու»՝ ՀՀ գործող իշխանությունների զիջողական քաղաքականության համատեքստում:
· Կարևոր է, թե ինչպիսին կլինեն մեր տարածաշրջանում Թուրքիայի արտաքին և ռազմական քաղաքականության առանձնահատկությունները մայիսյան ընտրություններից հետո:
· Տարածաշրջանի կայունության տեսանկյունից էական է, թե ինչպիսի բնույթ կկրեն Թուրքիայի հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ, ինչպես նաև ձևավորվող կառավարությունը ինչպիսի մարտավարություն կորդեգրի Ադրբեջանի հետ ինտեգրացիայի խորացման հարցում։
· Կարևոր է նաև Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքավորումը, վերջինիս հարաբերությունների հետագա զարգացումը ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Արաբական երկրների հետ։
Անկախ Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքներից՝ քիչ հավանական է դրանց արդյունքում Թուրքիայի արտաքին և անվտանգային ռազմավարության էական վերանայումը, սակայն հաշվի առնելով ներկայումս Թուրքիայի աշխարհաքաղաքական կշիռը միջազգային և տարածաշրջանային հարաբերություններում, վստահաբար կարելի է պնդել, որ Անկարայի քաղաքականության նույնիսկ մարտավարական փոփոխությունները էական ազդեցություն են ունենալու ողջ տարածաշրջանի վրա։ Այս իմաստով կարևոր է հասկանալ իշխանության համար պայքարում երկու հիմնական մրցակիցների արտաքին քաղաքական մոտեցումներն ու տեսլականը։
Էրդողանի հաղթանակը առաջիկա ընտրություններում վերջինիս հնարավորություն կտա ի վերջո հաղթող դուրս գալ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և նրա գաղափարական հետևորդների հետ կատաղի պայքարում՝ առաջիկա 5 տարիներին ավարտին հասցնելով Թուրքիայի ազգայնական-իսլամական ապագայի շուրջ իր քաղաքական տեսլականը։ Ընդդիմության պարտությունը կնշանակի Թուրքիայում միակուսակցական և ավտորիտար համակարգի ամրապնդում՝ Էրդողանին հնարավորություն տալով իր քառորդդարյա կառավարմամբ նոր հետք թողնել Թուրքիայի պատմության մեջ՝ վերաիմաստավորելով Աթաթուրքի ստեղծած թուրքական հանրապետության բովանդակությունը։
Այս է պատճառը, որ կողմերը ամենայն հավանականությամբ այս ընտրություններում պատրաստ են գնալու մինչև վերջ՝ ընդհուպ մինչև փողոցային պայքար և ռազմական հեղաշրջում։ Ուշագրավ է, որ ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն փողոցային ակցիաների մեծ փորձ ունի (վերջինիս նույնիսկ երբեմն անվանում են թուրքական Գանդի) և դեռ 2017-ին առաջնորդել է այսպես կոչված «Արդարության երթը», որը ավարտվել է Ստամբուլում հարյուրհազարավորանոց հանրահավաքով։ Էրդողանն իր հերթին վերջին 20 տարիներին հաղթահարել է մի շարք քաղաքական մարտահրավերներ՝ փողոցային ակցիաներից մինչև հեղաշրջման փորձ, և ինքն էլ ի վիճակի է Թուրքիայի փողոցները ողողել բազմահազարանոց՝ հիմնականում պահպանողական և ազգայնական զանգվածով։
Էրդողանի կողմից այսօր վարվող «անկախական» քաղաքականությունը և համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության ինքնուրույն բևեռ դառնալու նկրտումները վայելում են Թուրքիայի բնակչության մեծ մասի աջակցությունը։ Պատահական չէ, որ Թուրքիայում իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի առանցքային դեմքերից մեկն է դարձել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ով պարբերաբար հանդես է գալիս հակաամերիկյան հայտարարություններով։ Վերջինս թուրքական լրատվամիջոցներից մեկի եթերում նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնիսկ հրապարակել է ԱՄՆ նախագահ Բայդենի դեռևս մինչև նախագահ ընտրվելը արած հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիայի ընդդիմությանը և «տապալի» Էրդողանին ընտրությունների միջոցով։
Մյուս կողմից թուրքական և միջազգային մամուլում լայն տարածում ստացավ մայիսի 11-ին Քըլըչդարօղլուի գրառումը Թվիթերում, որտեղ վերջինս Ռուսաստանին կոչ էր անում «ձեռքերը հեռու պահել թուրքական պետությունից»՝ ռուսական կողմին մեղադրելով մոնտաժների, դավադրությունների, Deep Fake բովանդակություն ստեղծման մեջ և սպառնալով ընտրություններից հետո վերանայել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս հայտարարությունները ընդգծում են Թուրքիայի ընտրությունների աշխարհաքաղաքական համատեքստը և ավելի հավանական են դարձնում հետընտրական զարգացումները՝ աշխարհաքաղաքական բևեռների ներգրավվածությամբ։
Անկախ Թուրքիայում ընտրությունների արդյունքներից՝ այդ երկրից եկող սպառնալիքները Հայաստանի համար չեն չեզոքացվելու, քանի որ հակահայկական և ազգայնական տրամադրությունները խոր արմատներ ունեն Թուրքիայի հասարակության բոլոր շերտերում, որոնց կարկառուն ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շարքերում։ Այնուամենայնիվ, այդ մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից շատ կարևոր է նաև Թուրքիայի այս կամ այն իշխանության արտաքին քաղաքականության մարտավարական առանձնահատկությունների գնահատումը։
Անկախ նախընտրական խոստումներից՝ Թուրքիայի ցանկացած նոր իշխանություն ռազմավարական հարցերում բախվելու է մի կողմից՝ բավական կայացած պետական համակարգի ինստիտուցիոնալ հղկմանը, մյուս կողմից՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առկա իրողություններին։ Փաստն այն է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա ազդող երկու հիմնական գործոններն են՝ ընտրազանգվածի տրամադրություններն ու տնտեսական առաջնահերթությունները, որոնք փոխկապակցված են։ Որքան էլ ընդդիմությունը եվրոինտեգրման խոստումներ շռայլի, Թուրքիայի տնտեսության ներկայիս կառուցվածքը էականորեն տարբերվում է նախաէրդողանական շրջանի իրողություններից, որոնք էլ հանդիսացել են այդ գործընթացի մեկնարկի հիմնական նախադրյալը։
Այսպես, 2003թ. Թուրքիայի արտաքին առևտրի 60%-ը բաժին էր ընկնում ԵՄ 27 երկրներին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, իսկ օրինակ՝ ԲՐԻՔՍ-ի, Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և թյուրքական երկրների հետ առևտուրը միասին կազմում էր Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության ընդամենը 21%-ը: Եթե վերցնենք 2022-ին Թուրքիայի արտաքին առևտրի մասնաբաժինը ԲՐԻՔՍ-ի, Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և թյուրքական երկրների հետ, ապա այն կազմում է շուրջ 37% կամ գրեթե նույնքան, ինչ պայմանական Արևմուտքի հետ առևտրի մասնաբաժինը(2022թ․ տվյալներով ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի փոխադարձ առևտրի մասնաբաժինը նվազել է մինչև 40%)։
Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ միայն ՌԴ հետ առևտրի ծավալները վերջին 20 տարիների ընթացքում տասնապատկվել է, իսկ ՌԴ մասնաբաժինը Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության մեջ այժմ կազմում շուրջ 11%՝ 2003-ի շուրջ 6%-ի փոխարեն։ Արտաքին առևտրի տեսանկյունից Ռուսաստանը 2022թ. դրությամբ Թուրքայի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկեր երկիրն է, իսկ երկրորդը Չինաստանն է։ Սա, իհարկե, ազդում է Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վրա, ինչի հետ պետք է հաշվի նստի ցանկացած նոր իշխանություն։
Վերոհիշյալը, բնականաբար, չի նշանակում, որ Թուրքիայի վարքագիծը անկախ ամեն ինչից կանխատեսելի է, քանի որ քաղաքականության ռազմավարական վերանայումները քիչ հավանական են։ Ընդհակառակը, կախված Թուրքիայում առաջիկա ընտրությունների ընթացքից, արդյունքներից և հետընտրական զարգացումներից՝ տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներին հասնելու ուղղությամբ Անկարայի վարքագիծը կարող է այս կամ այն անակնկալ դրսևորումն ունենալ։ Ինչպես արդեն նշվեց, ընտրապայքարը և հետընտրական փուլը կատաղի են լինելու, ինչը կարող է ինչպես նվազեցնել տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքական և ռազմական ակտիվությունը՝ կենտրոնանալով ներքաղաքական խնդիրների վրա, այնպես էլ ակտիվացնել տարածաշրջանում Անկարայի ռազմատենչ վարքագիծը՝ ներքաղաքական խնդիրները արտաքին գործիքակազմով հօգուտ այս կամ այն ուժին լուծելու նպատակով։