Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը:
Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության:
Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով»:
Հիշեցնենք, որ այսօր անցկացվել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած անկախ հանրային հավաքը՝ Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը հրապարակավ արտահայտելու և այդ կապակցությամբ Արցախի իշխանություններին պահանջներ ներկայացնելու նպատակով։