Տնտեսական կամ այլ գործունեության վնասակար արտադրանքով հողը թունավորելը, աղտոտելը կամ այլ կերպ փչացնելը, որը կատարվել է թունաքիմիկատների, պարարտանյութերի, բույսերի աճի խթանիչների կամ այլ վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութեր պահելու, օգտագործելու և փոխադրելու, ինչպես նաև հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելով, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կամ անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նշված հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նշված հանցակազմի համար էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):