Առանց հսկողության թողնված կամ մոլորյալ անասուն կամ հսկողությունից դուրս թողնված այլ կենդանիներ գտած և պահող անձը պարտավոր է դրանք վերադարձնել սեփականատիրոջը, իսկ եթե կենդանիների սեփականատերը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է` հայտնաբերված կենդանիների մասին երեք օրվա ընթացքում հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, որը պետք է միջոցներ ձեռնարկի սեփականատիրոջը գտնելու համար:
Կենդանիների սեփականատիրոջը որոնելու ընթացքում դրանք պահող անձը կենդանիներին կարող է թողնել իր մոտ ու օգտվել դրանցից կամ դրանք հանձնել մեկ այլ անձի պահպանմանը և օգտագործմանը:
Առանց հսկողության թողնված կենդանիներ պահող անձի խնդրանքով` ոստիկանությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինը գտնում է դրանք պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ ունեցող անձ և նրան է հանձնում կենդանիները:
Առանց հսկողության թողնված կենդանիներ պահող անձը և այն անձը, ում դրանք տրվել են պահելու ու օգտագործելու համար, պարտավոր են դրանք պատշաճ պահպանել և դրանց արժեքի սահմաններում պատասխանատու են կենդանիների կորստի ու վնասվածքի համար` մեղքի առկայության դեպքում: