Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված 15 անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի գործով առաջին նիստը։
Պահանջ է ներկայացվել Հովիկ Աբրահամյանից, նրա կնոջից՝ Ջուլիետա Աբրահամյանից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից՝ Բագրատունի Բարսեղյանից (անվտանգության աշխատակից) և կնոջից, Գագիկ Պողոսյանից (ազգական) և կնոջից, Կարինե Աբրահամյանից (եղբոր որդու կինը) և ամուսնուց, Գրիգոր Գևորգյանից (վարորդ) և կնոջից, Աշոտ Խաչատրյանից (վարորդի ազգական) ժառանգ Ռուզաննա Խաչատրյանից, Ամբիկ Գևորգյանից (վարորդի եղբայր) և կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել պատասխանողներին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքերը՝ հաշվի առնելով, որ նշված գույքերի ձեռքբերումները լրիվ կամ ամբողջությամբ չեն հիմնավորվել Հովիկ Աբրահամյանի օրինական եկամուտներով:
Մասնավորապես՝
- Թվով 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտորն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզ, Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ, Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Արևաբույր համայնքում: Նշված անշարժ գույքերից 23 հաշվառված են ընտանիքի անդամ չհանդիսացող, այլ անձանց անվամբ, որպիսի գույքերի իրական շահառու է դիտարկվել Հովիկ Աբրահամյանը:
- 4 ավտոմեքենա՝ LEXUS LX 570 GAS, MERCEDES-MAYBACH S 500 4MATIC, MERCEDES-BENZ S500, TOYOTA CAMRY 2.5 մակնիշների, որից վերջին 2-ը հաշվառված է փոխկապակցված այլ անձանց անվամբ,
- 20 ընկերությունների մասնակցություններ (մեկ ընկերություն գտնվում է ՌԴ-ում) և բաժնետոմսեր,
- շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված թվով 9 շարժական և անշարժ գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուրը՝ 628.277.090 ՀՀ դրամ,
- 8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 292.570 ԱՄՆ դոլարի, 687.000.500 ՀՀ դրամի և 3.117.680 եվրոյի չափով:
- Առանձին դրամական պահանջ՝ 202.067.797 ՀՀ դրամի չափով:
Նիստի առաջին 1,5 ժամվա ընթացքում, մինչև հայցի առարկայի և հիմքի ներկայացումը, դատարանը մերժեց պատասխանող կողմի ներկայացրած 6 միջնորդություն, իսկ 2-ը թողեց առանց քննության։
Iravaban.net-ը հայտնում է, որ այսօրվա դատական նիստի սկզբում նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը դատավարության մասնակիցներից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունեն վերջիններս դատական նիստն առանց բացակա պատասխանողների և նրանց ներկայացուցիչների շարունակելու վերաբերյալ։ Բագրատունի Բարսեղյանի և նրա կնոջ ներկայացուցիչներ Լուսնթագ Բեժանյանը և Սմբատ Մինասյանը բարձրացրին բացակա պատասխանողների պատշաճ ծանուցված լինելու հարցը․ «Խնդրում եմ պարզաբանում տաք, թե ինչ կարգով են ծանուցումները եղել, արդյո՞ք դրանք պատշաճ կարող են համարվել, թե ոչ»։
Նախագահող դատավորը նշեց՝ պատասխանողները պատշաճ ծանուցված են, մանրամասներին ծանոթանալու համար փաստաբանները կարող են գործի նյութերն ուսումնասիրել։ Սմբատ Մինասյանը հայտնեց, որ դիմել են գործի նյութերին ծանոթանալու համար, քանի որ դեռ չեն հասցրել դա անել։ Դատավորը նշեց, որ դատական նիստից հետո փաստաբանները կարող են ծանոթանալ գործի նյութերին, սակայն Սմբատ Մինասյանն առարկեց․ «Հարցեր են քննարկվելու այսօր, ենթադրում եմ։ Հիմա, եթե գործի նյութերին ծանոթ չեմ, ըստ Ձեզ, ես ինչպես պետք է դիրքորոշում հայտնեմ կամ չհայտնեմ»։
Կարապետ Բադալյանն ընդհատեց նրան․ «Եկել եք դատարանի հետ երկխոսելո՞ւ։ Գործի նյութերին ծանոթանալու Ձեր միջնորդությունը բավարարվեց, գործի քննությունը շարունակվում է։ Հիմա ի՞նչ եք ուզում»։
Փաստաբանը խնդրեց դատարանին նիստը հետաձգել, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս շուտ ծանոթանալ գործի նյութերին։
«Ձեր գրավոր միջնորդության մեջ նիստը հետաձգելու մասին խոսք չկար, նոր միջնորդությո՞ւն եք ներկայացնում»,-դատավորի հարցին Սմբատ Մինասյանը դրական պատասխան տվեց։
Նույն միջնորդությամբ հանդես եկավ նաև Լուսնթագ Բեժանյանը՝ հավելելով, որ իրենց վստահորդը չի ծանուցվել դատական նիստերի վերաբերյալ․ «Ապրիլի 19-ին են մեզ լիազորել ներկայացնել Բագրատունի Բարսեղյանի և նրա կնոջ շահերը։ Բնականաբար, մենք որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում չենք կարող ներկայացնել, քանի դեռ չենք ծանոթացել գործի նյութերին»։
Մեկ այլ միջնորդությունով հանդես եկավ Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։ Նա միջնորդեց գործի քննությունը իրականացնել դռնփակության պայմաններում՝ հաշվի առնելով գործում առկա անձնական տվյալները։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ գործը կամ դրա մի մասը դռնփակ քննելու հարցը լուծվում է դռնփակության պայմաններում։ Որոշ ժամանակ անց լրագրողները հրավիրվեցին նիստերի դահլիճ, քանի որ նախագահող դատավորը մերժել էր պատասխանող կողմի միջնորդությունը։ Դատարանը մերժեց նաև գործի նյութերի ծանոթանալու համար նիստը հետաձգելու Սմբատ Մինասյանի միջնորդությունը, ինչպես նաև թույլատրեց նիստի տեսաձայնագրումը և ուղիղ հեռարձակումը։
Այնուհետև նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց Լուսնթագ Բեժանյանը։ Նա նշեց, որ իրենք լիազորագիրը տրվել է երեկ, ապրիլի 19-ին և մեկ օրում անհնար է ծանոթանալ գործի նյութերին։ Վարազդատ Ասատրյանը հայտարարեց, որ ոչ միայն Բագրատունի Բարսեղյանի, այլ նաև մյուս պատասխանողների ներկայացուցիչները գործի նյութերին արդյունավետորեն ծանոթանալու խնդիր ունեն․ «Ներկայացված է եղել մոտ 300 թերթ հայցադիմում, 5000 թերթից ավելի կից նյութեր, որոնք հասու են դարձել էլեկտրոնային տարբերակով»։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը նշեց, որ դեռևս 2022-ի օգոստոսին Բագրատունի Բարսեղյանին ուղարկվել են գործի նյութերը․ «Արդյո՞ք այդ նյութերը Ձեզ չի փոխանցվել»։
Լուսնթագ Բեժանյանը նշեց, որ ոչ միայն չի փոխանցվել, այլ նաև իրենց վստահորդը չի ստացել այդ փաստաթղթերը։ Դատավորը արձանագրեց, որ կան դատավարական գործողություններ, որոնք կարող են իրականացվել այսօր, իսկ փաստաբանները գործի նյութերին ծանոթանալուց հետո կարող են ներկայացնել իրենց դիրքորոշումը։ Միջնորդությունը դատարանն անհիմն դիտարկեց և մերժեց նաև այս մեկը։
Դատարանի որոշման հրապարակումից հետո Սմբատ Մինասյանը հայտարարեց, որ ևս մեկ միջնորդություն ունի ներկայացնելու․ «Խնդրում ենք ժամանակ տրամադրել՝ բացարկի միջնորդություն ներկայացնելու համար»։
Կողմերի կարծիքը լսելուց հետո դատավոր Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ «միջնորդություն կազմելու մտադրության համար դատարանը ժամանակ չի տրամադրելու»․ «Միջնորդությունն անհիմն է։ Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ գործի քննությունը խափանելու, ձգձգելու միտում է նկատվում»։
Լուսնթագ Բեժանյանը հայտարարություն արեց՝ նշելով՝ իրենք նախօրոք չէին կարող իմանալ, թե ինչ ընթացք կստանա դատական նիստը և նախապես չէին կարող ունենալ բացարկի գրավոր միջնորդություն։ Նա ևս մեկ անգամ խնդրեց դատարանին ժամանակ տրամադրել՝ բացարկի միջնորդություն ներկայացնելու համար․ «Բացարկի համար հիմքերը ի հայտ եկան հենց այս դատական նիստի ընթացքում»։
Փաստաբանը միջնորդություն ներկայացնելու հիմքում դրեց այն, որ նրանց հնարավորություն չի տրվում պատշաճ ձևով ներկայացնել իրենց վստահորդների շահերը։ Դատարանը հարցը քննարկման առարկա չդարձրեց, քանի որ հարցի վերաբերյալ արդեն որոշում էր ընդունել։
Հովիկ Աբրահամյանի որդու, Արգամ Աբրահամյանի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանը, հղում կատարելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքին, դատարանին միջնորդեց պարզաբանել իր և իր վստահորդի դատավարական իրավունքները․ «Ես առաջին անգամ եմ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում նիստի մասնակցում և այն իրավիճակը, որը քիչ առաջ ստեղծվեց, ինձ համար անհասկանալի է։ Որպես ներկայացուցիչ, հետագայում իմ դատավարական գործողությունները պլանավորելու համար խնդրում եմ նախագահողին պարզաբանում ներկայացնել ստեղծված իրավիճակի հետ կապված»։
Դատարանը նշեց, որ Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ նախագահողը փաստաբանին չի պարզաբանում նրա իրավունքներն ու պարտականությունները, քանի որ վերջինս քաջատեղյակ պետք է լինի դրանց վերաբերյալ․ «Ձեր միջնորդությունը, խնդրանքը չի կարող բավարարվել, քանի որ օրենքն է դա արգելում՝ ենթադրելով, որ Դուք Ձեր իրավունքներին ու պարտականություններին տիրապետում եք»։
Դավիթ Գասպարյանը ցանկացավ արձագանքել, սակայն դատավորը թույլ չտվեց։
Այնուհետև Վարազդատ Ասատրյանը հայտարարեց, որ դատարանին հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիրքորոշում էր ներկայացրել։ Դատարանն իր հերթին ժամկետ էր նշել, մինչև ապրիլի 19-ը ներառյալ։ Փաստաբանի խոսքով՝ նրանք դատարանի՝ մարտի 29-ի որոշման մասին տեղեկացել են ապրիլի 12-ին․ «Ես այդ իրավունքս արդյունավետ իրացնելու հնարավորությունից փաստացի մոտ 2 շաբաթ զրկված եմ եղել»։
Նա միջնորդեց հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել։ Դատարանը մերժեց նաև այս միջնորդությունը, ինչից հետո Վարազդատ Ասատրյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց, որը նախօրոք էր պատրաստել․ «Եթե դատարանը շատ չի նեղանա, ես էլ բացարկի միջնորդություն ունեմ։ Եթե կնեղանա՝ չեմ ներկայացնի»։
Կարապետ Բադալյանը նշեց, որ փաստաբանը նման հայտարարություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ․ «Ի՞նչ է նշանակում՝ եթե դատարանը չնեղանա։ Միջնորդություն ունեք՝ ներկայացրեք»։
Վարազդատ Ասատրյանը բացարկի միջնորդությունը ներկայացնելիս հայտարարեց, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի դատավարության կողմի նկատմամբ․ «Պատասխանող կողմի մոտ օբյեկտիվ հիմքեր են առաջացել դատավորի կանխակալ վերաբերմունքի առկայության վերաբերյալ»։
Նա նշեց, որ դատավորն ինքը պետք է միջոցներ ձեռնարկեր և ժամանակ տրամադրեր պատասխանող կողմին՝ նյութերին ծանոթանալու համար, սակայն դատարանը ոչ միայն նախաձեռնությամբ հանդես չի եկել, այլ նաև մերժել է պատասխանողների ներկայացուցիչների միջնորդությունները։
Դատավորը, շուրջ 15 րոպե միջնորդության ներկայացումից հետո հայտարարեց, որ բացարկ ներկայացրած անձը պարտավոր է գործի մասնակիցներին տրամադրել միջնորդության պատճենը, սակայն Վարազդատ Ասատրյանը դա չի արել, ինչի մասին դատարանին հայտնել էր միջնորդությունը հրապարակելուց առաջ։ Կարապետ Բադալյանը որոշեց, որ ներկայացված միջնորդությունը չի քննարկվելու, քանի որ չեն պահպանվել դրա ներկայացման պահանջները։
Այնուհետև Տիգրան Ենոքյանը ներկայացրեց հայցի հիմքը և առարկան։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 16-ին ժամը 10:00-ին:
Եվգենյա Համբարձումյան