«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում։
Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։
ԻՀԱ-ն, նշվածի շրջանակներում, առցանց քննարկում է կազմակերպել ապրիլի 12-ին, որին մասնակցել են ներկայացուցիչներ մի քանի քաղհասարակական կազմակերպություններից, Կենտրոնական բանկից, Մարդու իրավունքների պաշտպանության աշխատակազմից, Արդարադատության նախարարությունից, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Արդարադատության ակադեմիայից, Քննչական կոմիտեից, Գլխավոր դատախազությունից, պետական եկամուտների կոմիտեից, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ):
Մասնակիցները քննարկել են Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի հակազդման թեմաները (կոռուպցիոն գործերի քննություն)։
Այս շրջանակում մասնավորապես քննարկում է ծավալվել ՀՀ քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցման, կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննության մեթոդիկայի մշակում, մշակված մեթոդիկայի հիման վրա քրեական հետապնդման մարմինների վերապատրաստման, կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրության համալրման, բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման, կոռուպցիոն հանցագործությունների քննության և բացահայտման շրջանակում միջազգային համագործակցության ամրապնդման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծման և այլ հարցերի շուրջ։