Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 12-ին, շարունակվեց հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և մյուսների՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով դատական քննությունը։
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
- Երևանում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանաոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ,
- 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ,
- բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդը,
- 3 միլիարդ 962 միլիոն 560 հազար ՀՀ դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Iravaban.net-ի լրագրողը դիմեց դատարանին՝ նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու թույլտվություն ստանալու համար։ Արամ Օրբելյանը նշեց, որ դեմ չէ նիստի լուսանկարահանմանը, սակայն առարկում է տեսանկարահանման դեմ։ Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը թույլատրեց նիստը լուսանկարահանել և տեսանկարահանել՝ բացառությամբ Արամ Օրբելյանի։ Վերջինս նշեց, որ առարկում է նախագահողի գործողությունների դեմ։ Կարապետ Բադալյանը հայտնեց, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախագահողի գործողությունների դեմ առարկություններ անելու կարգավորումներ նախատեսված չեն։
-Հայտարարություն թույլ կտա՞ք։
-Եթե դատարանի գործողությունների դեմ առարկության մասին է՝ ոչ։
Ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ իր դիրքորոշումը սկզբում ներկայացրեց հայցվոր կողմը, Ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ Սիրո Ամիրխանյանը։ Ըստ նրա՝ ապացուցման է ենթակա փաստ պետք է հանդիսանա այն, որ իրավասու մարմինը կայացրել է ուսումնասիրություն սկսելու, ուսումնասիրության նոր ժամկետ սահմանելու մասին որոշումները։
«Իրավասու մարմինը պետք է ապացուցի նաև, որ հայցի առարկա կազմող գույքերը սեփականության իրավունքով պատկանում են Արամ Հարությունյանին և իրավասու մարմինը պետք է ապացուցի, որ իրեն հայտնի տվյալներով՝ գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով։ Միևնույն ժամանակ պետք է ապացուցվի, որ Ա․ Հարությունյանը 272․975․855 դրամ փոխանցել է բարեխիղճ ձեռքբերողի կամ անհնար է այդ դրամական միջոցները նույնականացնել և բռնագանձել։ Պետք է ապացուցվի, որ տեղի են ունեցել գույքերի վերափոխումներ, որի արդյունքում Ա․ Հարությունյանը ունեցել է շուրջ 55 միլիոն դրամ։ Պետք է ապացուցվի, որ շուրջ 98 միլիոն դրամ ավանդ է ներդրել, ապա այդ գումարը կանխիկացվել է։ Պետք է ապացուցվի, որ պատասխանողը ստացել է ապօրինի եկամուտներ և դրանցից 275 միլիոն 600 հազար դրամը չի օգտագործել, այսինքն, շարունակում է պատկանել իրեն։ Պետք է ապացուցվի նաև, որ 1 միլիոն 700 հազար դոլարի չափով ավանդ է ներդրել «ԱյԴի» բանկում, որը նույնպես դիտարկվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույք, որը պատկանում է Արամ Հարությունյանին։ Բացի այդ, պետք է ապացուցվի, որ պարոն Հարությունյանը ունի 8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 3 միլիարդ 962 միլիոն 560 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։ Նշված փաստական հանգամանքների հերքման պարտականությունը կրում է պատասխանող կողմը»,-նշեց Սիրո Ամիրխանյանը։
Արամ Օրբելյանի կարծիքով՝ գույքի բռնագանձման դեպքում սեփականության իրավունքի և գույքի առկայության փաստը միշտ պետք է ապացուցի դատախազությունը․ «Եթե փող չի գտել դատախազությունը, չի կարող բռնագանձել»։
Ըստ նրա՝ դատախազությունը պետք է ապացուցի գումարի առկայությունը, իսկ նրանք պետք է ապացուցեն, որ այն օրինական է։ Դատախազը նշեց, որ այս մասով որևէ խնդիր չի տեսնում և հայցվորը ներկայացնելու է տվյալներ այն մասին, որ այդ դրամական միջոցները պատկանում են Արամ Հարությունյանին։ Սակայն դատախազությունը չի կարող ասել, թե այդ դրամական միջոցները հիմա որտեղ են գտնվում․ «Ինչ-որ պահի այդ դրամական միջոցները պատկանել են պարոն Արամ Հարությունյանին։ Եթե այդ դրամական միջոցները նրան չեն պատկանում, ապա այդ ապացույցների տիրապետողը պատասխանողն է»։
Դատախազը նշեց, որ 8 միլիոն դոլարը, որի մասին խոսվում է, իրենց կողմից տեղորոշված չէ։ Նրանց տվյալներով՝ պատասխանողները այդ գումարին տիրապետում են կանխիկ ձևով․ «ՀՀ-ում անկանխիկ ձևով պահվող այդ չափի դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»։
Արամ Օրբելյանը բարձրացրեց նաև ուսումնասիրության սկսման և ուսումնասիրվող ժամանակահատվածների երկարաձգումների օրինականության հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։