Վե՛րջ copy paste-երին. copy paste-երի համար լրատվամիջոցները կտուգանվեն

Պատգամավորների 106 կողմ, 4 դեմ ձայների բաշխվածությամբ Ազգային ժողովն այսօր նիստի օրակարգ է ընդունել Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թևան Պողոսյանի և Դավիթ Հարությունյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: 

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի հոդված 22.1 կետով կամրագրվի լրատվական նյութի օգտագործման պայմանների մասին, համաձայն որի `

1. Առանց հեղինակի համաձայնության եւ վարձատրության տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում իրականացվում է միայն նպատակն արդարացնող ծավալով: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի բուն լրատվական նյութը: Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի եւ լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը:

2. Տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին: Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ մեջբերելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի լատինատառ անվանման նշելը պարտադիր է:

3.Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են հեղինակային պայմանագրով:

Նույն ակտի 66-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը կսահմանի նաև, որ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով իր իրավունքները խախտողից կարող է պահանջել վնասի հատուցում: Այն կկազմի սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը` 100.000-200.000 ՀՀ դրամ:

Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և բազմաթիվ լրատվական կայքերի առկայությունը հնարավորություն են տալիս ազատորեն վերարտադրել սկզբնաղբյուր հանդիսացող թերթերի տեղեկատվական, նույնիսկ վերլուծական հոդվածները տարբեր կայքերում: Ընդ որում հոդվածները շատ հաճախ վերարտադրվում են ամբողջությամբ, այլ ոչ թե նպատակը արդարացնող ծավալով, ինչպես դա նախատեսված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, իսկ երբեմն էլ նույնիսկ չի նշվում հոդվածի սկզբնաղբյուրը: Այս խնդիրը առկա է նաեւ լրատվական կայքէջերի համար, քանի որ շատ հաճախ ամբողջությամբ վերարտադրվում են ոչ միայն թերթերի, այլ նաեւ սկզբնաղբյուր կայքէջերի տեղեկատվական, վերլուծական հոդվածները: Այս պարագայում ընթերցողին ամբողջ լրատվական դաշտում առկա տեղեկատվությանը ծանոթանալու համար բավարար է այցելել միայն մեկ կայքէջ, ինչի հետեւանքով աճում են միայն որոշակի կայքերի այցելությունների քանակը: Ստեղծված իրավիճակում մեծ վնաս է հասցվում հոդվածների սկզբնաղբյուրներին, քանի որ նրանց կողմից հրապարակված հոդվածները կորցնում են իրենց էքսկլուզիվությունը, էականորեն կրճատվում է թերթերի տպաքանակը, կայքէջերի այցելությունների քանակը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել