Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների և պատգամավորների հետ տեղի ունեցավ փակ հանդիպում-քննարկում՝ Խաղային գործունեության կարգավորման մասին ՀՀ օրենքի և հարակից օրենքների վերաբերյալ:
Նոր օրենքը նպատակ ունի կարգավորելու Հայաստանի Հանրապետության խաղային գործունեության կարգավորման միջոցով խաղացողների շահերի պաշտպանությունը, զերծ պահելով հասարակության խոցելի խմբերին խաղամոլությունից:
Մասնավորապես սահմանվելու են քաղաքացիների՝ խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները:
Ընդ որում՝ արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, ովքեր սահմանված որևէ տեսակի սոցիալական աջակցության ծրագրի շահառու են, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով նախատեսված որևէ տեսակի նպաստի նպաստառու են, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված (չներված) պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտների 40%-ը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։