Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությանը։

«Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է:
Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, եւ «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները:

Հ.Գ.
Առիթից օգտվելով՝ ես նույնպես տարածում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն հոդվածը, ինչպես նաև նրան հրավիրում եմ առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը։

Հավելենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր․ «Այժմ վերադառնանք Հայաստանի առաջնային մանդատով օժտված միակ ատյանի ղեկավար տխրահռչակ Ալեն Սիմոնյանի աններելի արարքին։ Ի դեպ, աններելին այս պարագայում սոսկ բառ չէ, այլ դրա տակ ենթադրվում է, որ Ազգային Ժողովը, եւ, առաջին հերթին, վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջեւ իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Ես ամենեւին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջեւ մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել