Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների պահեստի, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի երկաթգծերի վրա, որի հետևանքով խաղալիքների պահեստի վարձակալը և գույքի սեփականատերը կրել են էական վնասներ, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Դեպքի առթիվ ապրիլի 1-ին Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Ալրաղաց» ԲԲ ընկերության շահագործման ոչ պիտանի պահուստարանի քանդման աշխատանքներն իրականացվել են Ա/Ձ-ի կողմից, որը մինչ այդ «Ալրաղաց» ԲԲԸ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա ևս իրականացրել է բազմաթիվ այլ պահուստարանների քանդում։
Վարույթի շրջանակում կատարվել են հարցաքննություններ, վերցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, նշանակվել է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների՝ անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային պայմանների և ժամկետների պահպանվածության հարցը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է վերոնշյալ խնդրին։