ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, այսօր՝ ապրիլի 3-ին, ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ):

Նրան դիմավորողների թվում էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը

Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։

Դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։ Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել