Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանին խնդրեց ներկայացնել մետրոպոլիտենի գծերի վրա տեղի ունեցած փլուզման վերաբերյալ իրավիճակը, որի պատճատով մետրոպոլիտենը մասնակի, արտակարգ ռեժիմով էր աշխատում։
Բաբկեն Սեդրակյանը նշեց, որ վարորդներից մեկն է նկատել փոշու ամպ և անմիջապես զեկուցել, որից հետո դադարեցվել է մետրոյի աշխատանքը։
«Սա արտառոց դեպք է և շատ վտանգավոր, և այս դեպքը, շատ մեծ հավանականությամբ, կարող էր զոհերի պատճառ դառնալ։
Մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Խիստ այն առումով, որ շատ շինարարներ, առհասարակ, տարբեր ոլորտի մասնագետներ, իրենց աշխատանքին շատ իմիջայլոց են վերաբերվում և դրա հետևանքով մետրոյի գծերի վրա ապրիլի մեկին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոններից մեկի ռելսերից դուրս գալուն և զոհերի»,- ասաց փոխքաղաքապետը։
Նա հորդորեց ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին, ով որ մեղավոր է։
————————
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։
Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոպոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։
Մանրամասները՝ տեսանյութում