Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի):
Այս մասին հայտնում է նրա պաշտպան Ռուբեն Մելիքայանը։
«Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով»,-նշել է նա։
———————
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել։
Հայտարարությամբ էր հանդես եկել նաև Քննչական կոմիտեն՝ նշելով, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: