Նախատեսվում է էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արեւիկ Աղոյանը՝ մարտի 21-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, նշել է․

«Բարեփոխումներով առաջարկում ենք փոփոխություններ կատարել մի շարք ոլորտներում, որոնց արդյունքում թվայնացում եւ թվային վերափոխում կիրականացվի: Մասնավորապես, նախատեսվում է համապատասխան իրավակարգավորումներով համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարների կողմից ներկայացվող եւ վավերացվող, հաստատվող իրավահաստատող փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Օրինակ՝ եթե նոտարը վավերացնում է առքուվաճառքի պայմանագիրը, այդ դեպքում պայմանագիրն էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է Կադաստրի կոմիտե, այսինքն՝ այս դեպքում քաղաքացին ինքը չի ներկայացնելու տվյալ պայմանագիրը կոմիտեի գրասենյակ: Նախատեսվում է նաեւ էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը՝ դրանց մի մասը դարձնելով թվային: Այսինքն՝ որոշակի դիմումներ, որոնք խիստ նույնականացում չեն պահանջում, մատուցվելու են էլեկտրոնային եղանակով՝ https://www.e-cadastre.am/ կայքի միջոցով»։

Առաջարկվում է վերացնել 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը: Նախատեսվում են նաեւ այլ փոփոխություններ:

Նախաձեռնության վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել