Մեղադրանք է առաջադրվել մայորին, որը գերեվարված ժամանակ՝ Բաքվի բանտերից մեկում, համաձայնել է համագործակցել թշնամու հետ․ դատախազություն

ՀՀ ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ Ա.Ն.-ն՝ մայորի զինվորական կոչումով, 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տեղանքում, մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում, եղանակային վատ պայմանների պատճառով, «Սև լիճ» կոչվող հատվածում, մեկ այլ զինծառայող՝ Ա.Տ.-ի հետ միասին, «Ուրալ» մակնիշի մեքենայով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել է Բաքու:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 7-ը, գտնվելով գերության մեջ, Բաքվի բանտերից մեկում, գրավոր համաձայնագիր է ստորագրել՝ համագործակցելու  օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Ա.Ն.-ն վերադարձել է Հայաստան և 2021 թվականի դեկտեմբերին նշանակվել է ՊՆ N զորամասում՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ:

Պաշտոնավարման ընթացքում, Ա.Ն.-ն, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ որպես վարձատրություն ստանալով 20 հազար 200 ԱՄՆ դոլար գումար: 

2023 թվականի փետրվարի 28-ին հսկող դատախազը որոշում է կայացրել N զորամասի համապատասխան պաշտոնյայի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. Ա.Ն.-ին ներկայացվել է մեղադրանք:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2023 թվականի մարտի 6-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:     

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել