Թեև այս պահին շփման գծում լուրջ փոխհրաձգության մասին լուրեր չկան, սակայն որոշակի պարբերականությամբ կրակահերթեր հնչում են. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Արցախի ԱԳՆ-ն բավականին կոշտ գնահատական է հնչեցրել Ադրբեջանի իրականացրած գործողության վերաբերյալ` այն համարելով որպես պատերազմական:

Ի դեպ, մարտի 1-ին, ադրբեջանական ու արցախյան պատվիրակությունների հանդիպումից հետո Արցախի նախագահականը շտապել էր հայտարարելու, որ «հանդիպումն առերևույթ կառուցողական էր»` անիմաստ պարզաջրելով Ադրբեջանի վարքագիծը:

Ինչևէ, Ադրբեջանի ագրեսիան դրսևորվեց ոչ միայն շփման գծում, այլ դիվանագիտական ձևակերպումներում, որովհետև այս ագրեսիայի հետ կապված հայտարարությամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ն շինծու, կեղծ որակումների ներքո առաջ քաշեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետերի տեղակայման թեման:

Թեև այս պահին շփման գծում լուրջ փոխհրաձգության մասին լուրեր չկան, սակայն որոշակի պարբերականությամբ կրակահերթեր հնչում են»:

Ավելի վաղ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել