Արդարադատության միջազգային դատարանի որոշումները իրավաբանորեն պարտադիր են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ունի ևս մեկ իրավաբանական պարտականություն, որը այսօր ամրագրվեց դատարանի որոշմամբ։
«Սա առանցքային կարևոր զարգացում է թե՛ անվտանգային, թե՛ իրավական առումով։ Որոշումը պետք է քաղաքական առումով էլ օգտագործվի հայկական կողմի կողմից հնարավոր բոլոր հարթակներում։ Սա փաստում է, որ Հայաստանի ներկայացրած պահանջները բխում են միջազգային իրավունքից և արդարացի են»,-նշեց Կիրակոսյանը։
Հարցին՝ ինչ կլինի, եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ՀՀ ներկայացուցիչը նշեց․ «Ադրբեջանի կողմից նման որոշումների չկատարումը առնվազն հեղինակության խնդիրներ է առաջացնելու երկրի համար և այլ բարդություններ։ Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի՝ Ադրբեջանին և միջազգային հանրությանը այս նոր պարտավորության մասին հիշեցնելու համար»։
Կիրակոսյանի խոսքով՝ դատարանի որոշումը ուժի մեջ է մտնել հրապարակման պահից։
Մանրամասները՝ տեսանյութում։