Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները: Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար նրանք պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների հերթականությունն է ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության տրանսպորտային միջոցների վրա կարող է միացված լինել նաև կարմիր գույնի առկայծող փարոսիկ:
Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:
Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:
Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս և ծառայում են երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:
Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները պետք է միացված լինեն`
1) այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք իրականացնում են ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ.
2) ՃԵ կանոնների 163-րդ կետով սահմանված ցուցանիշները գերազանցող չափերով, մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող և դրանք ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա.
3) վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրող ու դրանք ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա:
Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 42-րդ, 55-60-րդ, 63-րդ և 116-րդ կետերի, գծանշումների և նշանների պահանջները` բացառությամբ 2.2` «Գլխավոր ճանապարհի վերջ», 2.4` «Զիջեք ճանապարհը», 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է», 2.6` «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11` «Զանգվածի սահմանափակում», 3.12` «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13` «Բարձրության սահմանափակում», 3.14` «Լայնության սահմանափակում», 3.17.2` «Վտանգ», 3.20` «Վազանցն արգելվում է»ճանապարհային նշանների: Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 60-րդ կետի և գծանշումների պահանջները:
Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները կարող են դրանք միացնել, ընդ որում, հատուկ ձայնային ազդանշանի հետ միասին, միայն այդ տրանսպորտային միջոցների վրա հարձակում գործելու դեպքում: Այդ փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս ու ծառայում են միայն ոստիկանության ծառայողների և այլ անձանց ուշադրությունը գրավելու համար: