Նախագծերը մշակվել են՝ հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրները, մասնավորապես, գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում, գետերի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, դրանց արագ կարգավորման մեխանիզմների ապահովումը:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։
Հաշվի են առնվել սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետաողողատներից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների, մասնավորապես, գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման հնարավորությունների անբավարարությունը, որը սահմանում անցանկալի իրավիճակների ռիսկեր է առաջացնում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, պատգամավորները խնդրին ծանոթացել են նաեւ տեղում:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվել է, թե մինչ այս նախագծի ներկայացումն արդյո՞ք որեւէ կերպ կարգավորված էր Արաքս գետից ավազի արդյունահանումը, ինչին Հովհաննես Հարությունյանը դրական պատասխան է տվել: «Գետի հունից ավազ արդյունահանելը արգելված է եղել, կա Կառավարության որոշում, Ընդերքի մասին օրենսգրքով է նաեւ արգելված, բայց, հաշվի առնելով, որ այդ տարածքը գտնվում է սահմանային շերտում, եւ տեսչական կամ տեղում վերահսկողություն իրականացնող մարմինները լիարժեք լիազորություններ չեն ունեցել այդ գործունեությունը ծավալելու, մենք սրանով լրացուցիչ լիազորություններ ենք տալիս եւ փորձում ենք օրենքի սահմաններում կարգավորել այն, ինչ տեղի է ունենում»,- պարզաբանել է նա: Նախաձեռնության ընդունման արդյունքում ԱԱԾ-ն իրավունք կունենա օպերատիվ-հետախուզական վարչարարություն իրականացնել եւ ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ կազմված արձանագրությունը փոխանցել տեսչական մարմնին, որն էլ իր հերթին դա կտրամադրի նախարարությանը:
Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 10-ին: