Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին։
«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, զոհվել է 15 զինծառայող. ոտքի կանգնենք», – ասաց նա։
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ կացարանում բռնկված հրդեհը եղել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանք։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու ու ավելի անձի մահ։
«Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ովքեր ողջ գիշեր աշխատել են, ներգրավվել են փորձագետներ ու կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որ այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է», – ասաց Քյարամյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Մանրամասները՝ տեսանյութում։