ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 19-ին, ժամը 01:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)։
Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ։
Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։