Ինչու՞ է երեխայի հիվանդության պատմագրում սեռը նշելու համար նշված նաև 3-րդ տարբերակ՝ «չճշտված…»․ ԱՆ պաշտոնական պարզաբանումը

Ինչպես արդեն հայտնել ենք, առողջապաության նախարար Անաիտ Ավանեսյանը 2022 թվականի նոյեմբերի 3-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է երեխայի հիվանդության պատմագրի ձևը։

Այս հրամանով հաստատված հավելվածում երեխանի սեռը նշելու համար արական և իգական սեռերից բացի նշված է նաև 3-րդ տարբերակ՝ «չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)»։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ ծավալված քննարկումներին, Iravaban.net-ը գրավոր հարցմամբ դիմել էր Առողջապահության նախարարությանը՝ պարզաբանում ստանալու համար, թե ինչու՞ է արվել այս փոփոխությունը։Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ Առողջապահության նախարարությունից հայտնել են․

«2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Երեխայի հիվանդության պատմագրի ձևը, որը նախատեսված է բացառապես բուժաշխատողների համար:

Անդրադառնալով պատմագրի ձևի կետ 21-ում նշված երեխայի սեռին վերաբերող տողի «չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)» ձևակերպմանը` հարկ է նշել, որ եզրույթը զուտ բժշկական նշանակություն ունի` նախատեսված նորածնային և կրծքի հասակի երեխաների համար:

Ցավոք, առկա են մի շարք ախտորոշումներ, որոնց դեպքում երեխայի ծննդի պահին հնարավոր չէ որոշել երեխայի սեռը` ելնելով արտաքին սեռական օրգանների տեսքից: Նման խնդրի կարող են հանգեցնել մի շարք ախտաբանություններ, օրինակ, մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիան, Թերների համախտանիշը, կեղծ հերմաֆրոդիտիզմը, բնածին զարգացման արատները, քրոմոսոմային անէուպլոդիաները և այլն: Այս դեպքերում պահանջվում են լրացուցիչ լաբորատոր-գործիքային  քննություններ, այդ թվում` գենետիկական հետազոտություն (կարիոտիպի որոշում):

Նշված բժշկական խնդիրներով երեխաները եզակի են, բայց կան, ուստի, վերջիններիս հիվանդանոցում գտնվելու, անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումը ստանալու ժամանակահատվածում նրանց սեռի վերաբերյալ ևս նշում պետք է լինի: Հետազոտությունների արդյունքում սեռը պարզ դառնալուց հետո միայն հնարավոր է պատմագրում լրացնել «արական» կամ «իգական» դաշտերը:

Երեխայի հիվանդության պատմագիրը լրացվում է բժշկի կողմից, իսկ վերջիններս ունեն մասնագիտական գիտելիքներ և ամբողջությամբ տիրապետում են վերոհիշյալ տեղեկատվությանը:

Ավելին, ԽՍՀՄ-ում գործող «Ծննդի մասին բժշկական վկայականի քաղվածքում» ևս  առկա է եղել նշում` «տղա-1, աղջիկ-2, չի որոշված-3»: 

ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 15-Ն հրամանի Հավելվածով հաստատված «Ծննդի մասին բժշկական վկայական»-ում կրկին նշվում է «տղա-1, աղջիկ-2, չի որոշված-3 _______»: Վերը նշված հրամանում կատարվել են փոփոխություններ 2017 թվականի հունիսի 14-ի թիվ 33-Ն հրամանով, որտեղ Հավելված 1-ով հաստատված «Ծննդի մասին բժշկական վկայական»-ը վերանայվել և վերահաստավել են երեխայի սեռի վերաբերյալ նշումները: 

Այսպիսով, Երեխայի հիվանդության պատմագիրը համապատասխանեցվել է գործող իրավական ակտերին` ելնելով երեխայի և ընտանիքի լավագույն շահից»: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել