Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, մասնավորապես, թուրքական կողմի նախաձեռնությամբ եւ, հաշվի առնելով Անկարայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարների վերջին շփումները, բարձրացվել է գերիների, առաջին հերթին վիրավորների փոխանակման հարցը։ «Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Կիեւի ռեժիմի կործանարար գծի վրա, որը խաղադրույք է կատարում արեւմտյան հովանավորների աջակցությամբ ռազմական գործողությունների սրման, փոխանցվող զենքի եւ ռազմական տեխնիկայի ծավալների ավելացման վրա։ Կիեւի կեղծավոր քաղաքականության օրինակ էր ուղղափառ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կրակը դադարեցնելու առաջարկի մերժումը։

Դիտարկվել է 2022 թվականի հուլիսի 22-ի ստամբուլյան «փաթեթային» համաձայնագրերի իրականացումը՝ սեւծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման եւ Ռուսաստանից սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարումների ապաշրջափակման վերաբերյալ։

Բացի այդ, քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ սկսելու Անկարայի նախաձեռնության համատեքստում։ Նշվել է նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ աշխատանքի գործնական նշանակությունը՝ սիրիական կարգավորմանն օժանդակելու Աստանայի գործընթացի շրջանակներում։

Երկու երկրների ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ռուս-թուրքական համագործակցության հետագա համակողմանի զարգացմանը։ Առաջնահերթությունների թվում է համագործակցությունը էներգետիկ ոլորտում, ներառյալ ռուսական բնական գազի մատակարարումները եւ Թուրքիայի տարածքում տարածաշրջանային գազային «հանգույցի» ստեղծումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել