Yeti Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը կործանվել է հունվարի 15-ին Նեպալի արեւմուտքում գտնվող Պոխարա քաղաքի մոտ։ Նրա ընկնելու վայրում հայտնաբերվել է առնվազն 40 դի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Վթարը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ։ Խոսքը ֆրանկո-իտալական ATR կոնցեռնի կողմից արտադրված ATR 72 միջին հեռահարության ինքնաթիռի մասին է։ Այն կարող է տեղափոխել ոչ ավելի, քան 74 ուղևոր։
Ինքնաթիռում եղել է 72 մարդ՝ 68 ուղեւոր և անձնակազմի 4 անդամ։ Նրանց թվում՝ 10 օտարերկրյա քաղաքացիներ, մասնավորապես՝ հնդիկներ, ավստրալացիներ, ֆրանսիացիներ և արգենտինացիներ։ Նեպալում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 4 ռուս։
Ավիափոխադրողի ներկայացուցիչ Սուդարշան Բարտոլայի խոսքով՝ «դեռ հայտնի չէ՝ կա՞ն արդյոք ավիավթարից փրկվածներ»։ Լրատվամիջոցները հայտնում են, որ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։
Նեպալում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Նովիկովը հաստատել է կործանված ինքնաթիռում գտնվող 4 ռուսաստանցիների մահը։
«Ցավոք, Ռուսաստանի Դաշնության չորս քաղաքացի է մահացել: Մենք մշտական կապի մեջ ենք Նեպալի իշխանությունների հետ և անհրաժեշտ օգնություն կտրամադրենք զոհված ռուսների հարազատներին»,- ասել է Նովիկովը:
Դեպքի վայրում են փրկարարները։