Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:
Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,-նշում է Հունանյանը։
Ավելի վաղ թուրքական Habertürk հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հայտնել էր հետևյալը․
«Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում վերացվել են խոչընդոտները Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների համար, ինչը հնարավոր է դարձել 2023 թվականի հունվարի 1-ից։ Աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի առևտրի նախարարությունն այս որոշման մասին տեղեկացրել է թուրքական արտահանողների ասոցիացիային»։