Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն հստակեցվում են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու գործընթացն ապահովող, ինչպես նաև կրած վնասների դիմաց փոխհատուցման չափերը որոշող մարմինները:
Նախագծով առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման, վերահսկման գործառույթների շրջանակը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:
Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորումն իրականացնել պարտադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահպանմանը: Միաժամանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:
Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողը նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը կհաշվարկվի այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:
Ընդ, որում երկրորդ անգամ նոր ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողները, կազատվեն զբաղեցրած համապատասխան պաշտոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և ազգային անվտանգության մարմիններում ոչ պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպքում, կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակվի ծառայությունից:
Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի՝ հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը կսահմանվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորմատիվ հրամանով:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ածանցյալ են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրավակարգավորումներից:
Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում: