Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
«Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Դեկտեմբերի 29-ի Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր․ «Հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Աշխատանքային խմբում կընդգրկվեն նաև Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։