ԱԽ քարտուղարն Ալիևին Հիտլերի հետ է համեմատել

«Մենք չենք գնացել, որովհետև Լաչինում ճգնաժամ է ստեղծվել։ Մենք ամբողջ քաղաքական թիմը և պատասխանատուները զբաղված են այդ ճգնաժամը հանգուցալուծելով»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԱԳՆ պատվիրակությունը հրաժարվեց Մոսկվա մեկնելուց։ Ըստ նրա՝ քայլերը կոորդինացնելու համար լավագույն տարբերակը դա էր։

Նրա խոսքով՝ հայկական կողմը շարունակում է աշխատել իր գործընկերների հետ և հույս ունի, որ Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ կբացվի։

«Ստեղծվել է ճգնաժամ, որի պատասխանատուն Ադրբեջանն է։ Ճգնաժամը լուծելու հնարավորություն ունի ՌԴ-ն, որովհետև նա լիազորված է դա կատարելուն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը»,-նշեց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հրապարակային նկրտումներ է ներկայացնում։ Նա նշեց, որ պատմության մեջ այնդպիսի նարատիվներով շարժվող բազմաթիվ լիդերներ են եղել, այսօր էլ այդպիսի լիդերներ կան։

«Կարծում եմ՝ Հիտլերը գրեթե նույն արգումենտացիայով, նույն փաստարկներով է հարձակվել հարևան երկրների վրա, ասել է՝ պատմականորեն այդ հողերը իրենց են եղել, սկսել է 2-րդ համաշխարհային պատերազմը։ Ալիևի հայտարարությունները չեն տարբերվում այս հայտարարություններից, ամբողջովին նման են։ Միջազգային հանրությունը, այս առումով, մեծ աշխատանք ունի կատարելու»,-նշեց Արմեն Գրիգորյանը։

Նա նշել է նաև, որ ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս․ «Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ: Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել