Մենք շարունակում ենք շրջափակման մեջ մնալ, շարունակում ենք աշխատել, մարդկանց մոտ կա կամք՝ հանգիստ անցնել այս ամենի միջով և չի զգացվում, որ մենք բլոկադայի մեջ ենք․ Ռուբեն Վարդանյան

«Մենք շարունակում ենք աշխատել, ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք մնալ շրջափակման մեջ, և չնայած այդ դժվարություններին, ես շատ ոգևորված եմ, քանի որ տեսնում եմ մարդկանց մոտ և՛ կամք, և՛ պատրաստություն՝ հանգիստ անցնել այս իրավիճակի միջոց, հանգիստ աշխատել, ապրել և ոչ մի կերպ չի զգացվում, որ մենք բլոկադայի մեջ ենք, կամ խուճապի ենք մատնվել, կամ մեր մեջ դեպրեսիա կա: Եվ դրա համար ես շնորհակալ եմ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա հայտնեց, որ երեկ պատգամավորների ու վարչական շրջանի ղեկավարի հետ հանդիպում են ունեցել Մարտակերտում․«Սա շատ կարևոր է ինձ համար, ես լիցքավորվել եմ էներգիայով` տեսնելով մարդկանց վերաբերմունքը այն իրավիճակին, որ մենք բոլորս գտնվում ենք: Մենք ունեցանք հնարավորություն շփվելու շատ բարդ և ծանր հարցերի մասին եւ չկար խնդիր, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, մենք միասնական ենք և դա էր ամենակարևորը»,- ասաց նա:

Անդրադառնալով անելիքներին, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ իրենք համակարգ են կառուցում, որում ներառված են լինելու մի շարք էական հանգամանքներ․ «Առաջինը` լինելու է համակարգ բոլորի համար, բոլորը հավասար են լինելու համակարգի առաջ և բոլորը պետք է հասկանան, որ համակարգն աշխատում է: Երկրորդը` թափանցիկությունը և հաղորդակցությունը, սա կարևոր է այն բանի համար, որ լինի հետադարձ կապ, խնդրում եմ խնդիրների դեպքում գրեք մեզ, ուղարկեք ինֆորմացիան: Կարևոր է թափանցիկությունը, հաղորդակցությունը, համակարգը ընդհանուր կարգուկանոնի և հստակ գնահատականի համար է»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանն ասաց, որ անցած 34 տարին բարդ է եղել Արցախի համար, այնտեղ մեծամասնությունը պատերազմի միջոց անցած մարդիկ են, չկան մարդիկ, որոնք չեն մասնակցել Արցախի պատմություն դառնալուն, սակայն հեշտ չէ նաև այն մարդկանց համար, ովքեր պատասխանատվություն են վերցրել և այսօր որոշումներ են կայացնում․ «Մենք մի նպատակ ունենք` կառուցել արդար, առողջ, էֆեկտիվ, երջանիկ հասարակություն, որտեղ գործելու են բոլոր ինստիտուտները` պառլամենտը, կառավարությունը, անվտնագության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, բիզնեսը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել