Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Գագիկ Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Գագիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 26-ին հանդիպել է Մարիամ Հովսեփյանին, վերջինիցս տեղեկացել է, որ ցանկանում է որդուն` Արտյոմ Մուշեղյանին ընդունել «Վ.Սարգսյանի» անվան ռազմական կրթահամալիր։ Գագիկ Ստեփանյանը Մարիամ Հովսեփյանին վստահեցրել է, որ մեծ ծանոթություն ունի և որոշակի գումարի դիմաց այդ հարցում կարող է նրան օգնել, որին Մարիամ Հովսեփյանը համաձայնել է։
Գագիկ Ստեփանյանը հիշյալ պատրվակով Մարիամ Հովսեփյանի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանից մաս-մաս ստացել է խոշոր չափի ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար ու հափշտակել։
Գործով մեղադրյալ Վարդան Մոսոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ըստ որի`
Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: