ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր. Զաս

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է РИА Новости-ն:

«Իրավիճակը հեշտ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որն առաջարկում է ՀԱՊԿ-ը որպես օգնություն Հայաստանին և որում կան տարբեր միջոցներ՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում այս սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից»,- ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խմբ.) այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։

«Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

Նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։

Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։ Ուստի, սրանից ելնելով, հարգելի գործընկերներ, այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել էր Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել