Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Այս մասին Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո, մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։
Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։ Այո՝ փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։
Այս պահին մեր առջեւ միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»։
Հավելենք, որ այժմ Դավիթ Բաբայանը զբաղեցնում է ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատրի պաշտոնը։