Վրաստանում մտահոգ են ռուսալեզու դպրոցների ավելացմամբ

Վրաստանում օտարերկրացիների մեծ հոսքին զուգահեռ աճել է ռուսալեզու դպրոցների և սեկտորների թիվը, հայտնում է Aliq.ge-ն։

Այս պահի դրությամբ Վրաստանում գործում է 58 ռուսալեզու հանրակրթական դպրոց և սեկտոր, դրանցից 11-ն ամբողջությամբ ռուսալեզու դպրոց է, 47-ը դպրոցներում գործող ռուսալեզու բաժին։ Զուգահեռ ավելանում են ռուսալեզու մասնավոր դպրոցների թիվը, ոլորտի փորձագետները բարձրաձայնում են, որ դրանցից շատերը գործում են առանց վրացական հավաստագրման և անընդունելի ուսուցմամբ։

Քաղաքացիական ակտիվիստ, հասարակական սեկտորի ներկայացուցիչ Իրմա Գորդելաձեի խոսքով, Թբիլիսիում գործող ռուսալեզու որոշ մասնավոր դպրոցներ բոլոր առարկաները, այդ թվում պատմությունը դասավանդում են ռուսական դասագրքերով․

«Վերջին շրջանում Թբիլիսիում և Բաթումիում տասնյակ ռուսական մասնավոր դպրոցներ են բացվել, որտեղ հաճախում են ազգությամբ ռուս, բելառուս, ուկրաինացի և ղազախստանցի երեխաներ։ Ծնողներից շատ դեպքերում ընդունելության համար փաստաթուղթ չի պահանջվում, վարձ միջինում ամսական 700-800 լարի է։

Մի քանի դպրոցների օրինակներով կարող եմ ասել, որ չունեն ոչ հավաստագրում, ոչ էլ Վրաստանում տպագրված դասագրքեր, նյութերը մատուցում են ռուսական գրքերից, ամենաանընդունելին ռուսական պատմության գրքերով ուսուցումն է», — նշում է քաղակտիվիստը։

Գորդելաձեի խոսքով, մասնավոր դպրոցները հաճախ գործում են կրթական կամ դպրոցական ակումբ կարգավիճակի տակ՝ ծպտված․

«Այդպիսի մի օրինակ է School club Georgia (развивающие занятия) անունը կրող «դպրոցական ակումբ կենտրոնը», որը գործում է Թբիլիսիում և Բաթումիում, դպրոցի ուսուցիչները հայտարարել են, թե այն մասնավոր դպրոց է, որը խոստանում է հանձնել ռուսական միջնակարգ կրթության մասին փաստաթուղթ»։

Հատկանշական է, որ School club Georgia-ի վերաբերյալ լրագրողական հետաքննություն է իրականացրել տեղական Batumelebi.ge լրատվականը․

«Տնօրեն Նատալյա Գեորգիևան մասնավոր զրույցում հաստատել է, որ սա դպրոցական ակումբ կամ զարգացման կենտրոն չէ, այլ մասնավոր ռուսական դպրոց է, որն առաջինից մինչև յոթերորդ դասարանի աշակերտներին ուսուցանում է ռուսերենով։ Սակայն պաշտոնական մեկնաբանության ժամանակ Գեորգիևան հերքում է, որ այս հաստատությունը դպրոց է»։

Վրաստանի կրթության և գիտության նախարարության Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի աշխատակից Նիա Գրիգալաշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում պարզաբանեց Վրաստանում գործող մասնավոր դպրոցների գործունեության կարգը․

«Արտերկրում ճանաչված հանրակրթական ծրագրերի իրականացումը Վրաստանում կարգավորվում է «Հանրակրթության մասին» օրենքի 341-րդ հոդվածով։

Հետևաբար, «Վրաստանում թույլատրվում է իրականացնել միայն արտասահմանում ճանաչված հանրակրթական այն ծրագրերը, որոնց ճանաչման համար Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը պայմանագիր է կնքել օտարերկրյա պետության լիազորված մարմնի հետ», — նշում է Գրիգալաշվիլին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել