Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր` նոյեմբերի 9-ին, հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից։
Մինչ աշխատանքներին անցնելը՝ Ռուբեն Վարդանյանը խորհրդակցության մասնակիցներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակը:
«Երկու տարի առաջ այս օրը շատ ծանր էր մեր ժողովրդի համար: Հիշելով և հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին՝ պետք է հավատանք, որ մեր վերածնունդը լինելու է։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Այստեղ եմ, որ ձեզ հետ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ»,- բացելով խորհրդակցությունն՝ ասել է պետնախարարը:
Օրակարգային առաջին հարցը վերաբերել է պետական նախարարի և հանրապետական գործադիր մարմինների միջև աշխատանքների կազմակերպման սկզբունքներին: Ռուբեն Վարդանյանն առանձնացրել է երեք սկզբունք՝ թիմային աշխատանք, թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ: «Եկել եմ ոչ թե պարզապես պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու, այլ ճգնաժամային իրավիճակում ձեզ հետ միասին աշխատելու համար,-ընդգծել է նա։ -Ինձ համար կարևոր է թիմային աշխատանքը, և ես պատրաստ եմ բոլորիդ հետ միասին այդ սկզբունքով աշխատել։ Երկրորդը թափանցիկությունն է․ մենք ամեն ինչ պետք է անենք մեր աշխատանքի, կայացվող որոշումների և իրականացվող ծրագրերի թափանցիկությունն ապահովելու համար։ Մյուս կարևոր սկզբունքը պրոֆեսիոնալիզմն է: Ես վստահ եմ, որ բոլորդ երկար մասնագիտական ճանապարհ եք անցել, բայց ներկա իրողություններում մրցունակ մասնագետներ լինելու համար մենք բոլորս պետք է շարունակ աշխատենք մեր կարողությունների զարգացման ուղղությամբ»:
Պետնախարարն առանձնացրել է այս իրավիճակում Արցախի համար այն հինգ հիմնական ուղղությունները, որոնց իրականացմանը պետք է ուղղված լինի Արցախի Հանրապետության կառավարության գործունեությունը.
• Արցախի սուբյեկտայնություն,
• անվտանգության հետ կապված հարցեր,
• տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում,
• մշակութային, կրթական, սոցիալական հարցեր,
• պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։
Պետնախարարը ներկայացրել է նաև իր նորանշանակ խորհրդականներին և նշել այս փուլում նրանց համակարգման ոլորտները. Արտակ Բեգլարյանն զբաղվելու է արտաքին քաղաքական, սոցիալական, հումանիտար խնդիրներով, Գրիգորի Մարտիրոսյանը՝ ենթակառուցվածքների ոլորտով, Նարինե Աղաբալյանը՝ կառուցվածքային և կազմակերպչական, Մեսրոպ Առաքելյանը՝ ֆինանսական, իսկ Արման Հակոբջանյանը՝ օպերատիվ հարցերով:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքներին և հրատապ խնդիրներին: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մանրամասն տեղեկություններ են ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ընթացքի և դրանց կազմակերպման մասին:
Խորհրդակցությանը ներկայացվել է նաև 2020թ. պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային կարիքների բավարարման պետական ծրագրի ընթացքը: ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը տեղեկություններ է հաղորդել կատարված աշխատանքների և ծրագրերի ընթացիկ վիճակի մասին:
Ամփոփելով խորհրդակցությունը ՝ պետնախարարը մի շարք հանձնարարականներ է տվել օրակարգային հարցերի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ թիմային, կազմակերպված ու պրոֆեսիոնալ աշխատանքը մեծ արդյունքներ է ապահովելու: